Մխիթար Հայրապետյանը ՏՏ համայնքի հետ քննարկել է ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծերը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Սա նախարար Մխիթար Հայրապետյանի՝ նման ձևաչափով անցկացված առաջին հանդիպումն էր տեխնոլոգիական համայնքը ներկայացնող ընկերությունների, վերազգային կազմակերպությունների և միությունների հետ:

Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ), բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտների զարգացման խթանմանն ու աջակցությանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությանը՝ կարևորելով մտքերի փոխանակումը նշված ձևաչափով և հույս հայտնելով, որ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությունը շարունակական է լինելու:

Նախարարի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման խթանման և ԲՏ ոլորտի զարգացման մասին օրենքի նախագծերի նախնական տարբերակները, որոնք կազմվել են ոլորտային ընկերությունների համատեղ ջանքերով և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթի մշակման և ընդունման քայլերի հաջորդականությունը՝ նշելով, որ քննարկումից և մշակումից հետո օրինագծերը ներկայացվելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ:

«Ինչպես գիտեք՝ վաղուց արդեն հանրային տարատեսակ ընկալումներում հարցադրումներ են լինում, թե ինչու է պետությունն առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում տնտեսության այս կամ այն ճյուղին: Շատ կարևոր է ցույց տալ, որ ոլորտի զարգացումը, ոլորտում ավելի ու ավելի շատ ռեսուրսների կենտրոնացումը բխում է յուրաքանչյուր քաղաքացու շահերից», – նշել է նախարարը:

Օրինագծերի աշխատանքային տարբերակները մշակելիս՝ հեղինակներն ուսումնասիրել են Հայաստանի ՏՏ և ԲՏ ոլորտների զարգացման դինամիկան, տնտեսական ցուցանիշները, ոլորտի շրջանառությունն ու ներուժը, տնտեսական ընդհանուր միջավայրը՝ դիտարկելով առաջարկվող տնտեսական ազդեցության տարբեր սցենարներ: Նախագիծը նաև տալիս է բարձր տեխնոլոգիական ոլորտի սահմանումը՝ ներառում է ՏՏ և ինժեներական ոլորտները:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն առաջարկվող նախագծի վերաբերյալ, հնչել են տարբեր կարծիքներ: Ուշադրություն է հատկացվել նաև գիտահետազոտական աշխատանք իրականացնող ընկերությունների խրախուսման, մասնագիտական կրթության խթանման և ուղեղների արտահոսքի և ներհոսքի հարցերին:

Նշվել է, որ առաջիկայում նախարարին է ներկայացվելու ՏՏ և ԲՏ ոլորտների զարգացման խթանմանն ուղղված օրինագծերի մի քանի սցենար, որոնք ներառելու են շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ տեխնոլոգիական համայնքի և այլ գերատեսչությունների կարծիքները:

Տեսանյութեր

Լրահոս