Ֆիլիպիններում սողանքից օրեր անց հրաշքով փրկել են երեխայի․ 110 մարդ դեռ անհետ կորած է
Ֆիլիպիններում փրկարարները սողանքի տակ երկու օր մնացած երեխայի են փրկել, ինչը հույսեր է արթնացրել, որ հողի շերտի տակ գտնվող տասնյակ մարդիկ դեռ կարող են ողջ դուրս բերվել։
Ֆիլիպինյան GMA News հարթակը հաղորդում է, որ սողանքի զոհերի թիվը հասել է 15-ի, շուրջ 110 մարդ դեռ անհետ կորած է, ևս 31 մարդ՝ վիրավոր։
Տեղի իշխանությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ փոքրիկ աղջկան օգնություն է ցուցաբերվել, նա գտնվում է կայուն վիճակում։ Նրա փրկությունն իշխանություններն անվանել են հրաշք։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դրանցում ներգրավված են զինվորները, ոստիկանները և կամավորներ։
Սողանքն իջել էր փետրվարի 6-ի գիշերը Դավաո դե Օրո նահանգում ոսկու արդյունահանմամբ զբաղվող լեռնային Մասարա գյուղում։ Հողի շերտի տակ են անցել տներ և երկու ավտոբուս, որոնցում ավելի քան երկու տասնյակ ուղևոր կար։ Սողանքին նախորդել էին հորդառատ անձրևներ։