
Արարատ Միրզոյանն ու Ջոֆրի ֆան Լեուվենը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում փոխգործակցության խորացման շուրջ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Ջոֆրի ֆան Լեուվենի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսությունը և դրան համահունչ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը։ Քննարկվել են այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում՝ ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության ոլորտներում։
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում փոխգործակցության խորացման շուրջ. ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար առկա գործիքակազմի առավելագույնս օգտագործելու կարևորությունը՝ ի շահ ԵՄ հետ ՀՀ շարունակական մերձեցման։
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։