Ակնկալում եմ, որ հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել․ Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին
Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։
Այս մասին Փաշինյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Ակնկալում եմ, որ մեր ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների, ամուր ընկերության և ժողովրդավարական գաղափարի վրա հիմնված հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել>>,- նշել է վարչապետը։
Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը 84 կողմ, 10 դեմ ձայներով վստահության քվե էր հայտնել Իրակլի Կոբախիձեին, նրա առաջարկած կառավարության կազմին և կառավարության՝ «Եվրոպական պետության կառուցման համար» ծրագրին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու հրամանագիր, որից հետո նա պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ:
Հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական էր ներկայացրել Վրաստանի վարչապետի պաշտոնից՝ ստանձնելով երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը։