28 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց մտացածին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար վերջիններս համաձայնեցված միջոցներ են ձեռնարկել, որոնց արդյունքում Գ. Հ.-ի որդին ձևական հաշվառվել է Սյունիքի մարզի համայնքներից մեկում՝ այդպիսով ընդգրկվելով ՊՆ պաշտոնատար անձի ղեկավարած բաժանմունքի սպասարկման տարածքում:

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՊՆ պաշտոնյան, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Գ. Հ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար, 2023 թվականի մայիսի 21-ին Գ. Հ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը, մտերիմ փոխհարաբերություններ ունենալով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ծառայողներից մեկի հետ, վերջինիս միջնորդությամբ պայմանավորվածություններ է ձեռք բերել Կապան համայնքի բնակիչ ամուսինների հետ՝ 5.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց նրանց որդու օգտին գործողություն կատարելու և հովանավորչության, այն է՝ հարկ եղած դեպքում զորակոչման գործընթացին միջամտելու և տարկետում ձևակերպելը երաշխավորելու վերաբերյալ:

Արդյունքում՝ ՊՆ պաշտոնյայի կողմից միջնորդ անձի միջոցով կաշառքի գումարը ստանալուց հետո զորակոչիկին տրամադրվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում:

Վերը նշված հանցավոր արարքների համար ՊՆ պաշտոնատար անձին և վերջինիս կաշառք տված և կաշառքի միջնորդություն կատարած անձանց՝ մեղադրանք է ներկայացվել:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս