Փհենյանը չի բացառել Հարավային Կորեայի օկուպացիան` Սեուլն անվանելով «գլխավոր թշնամի»
ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում կարող է օկուպացնել Հարավային Կորեայի տարածքը։ Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
«Մեր կուսակցությունը և կառավարությունը Հարավային Կորեայի խամաճիկներին համարում են ամենավնասարար գլխավոր և անփոփոխ թշնամի և որպես ազգային քաղաքականություն՝ որոշում են կայացրել արտակարգ իրավիճակների դեպքում օկուպացնել նրանց տարածքը և զսպել նրանց։ Այս որոշումը կարևոր միջոց է մեր երկրի հավերժական անվտանգության և ապագա խաղաղության ու կայունության համար», – ասել է Հյուսիսային Կորեայի ղեկավարը երկրի Ազգային պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթում։
ԿԺԴՀ առաջնորդը հավելել է, որ եթե երկրի թշնամիները համարձակվեն ուժ կիրառել իրենց դեմ, ապա Փհենյանը կկատարի «խիզախ որոշում, որը կփոխի աշխարհը»՝ համախմբելով ձեռքի տակ ունեցած բոլոր ուժերն ու կարողությունները։
Կիմ Չեն Ընը միևնույն ժամանակ նշել է, որ ԿԺԴՀ ռազմական ուժերը պետք է դառնան ավելի հզոր և օգտագործեն բոլոր միջոցները՝ կանխելու պատերազմը և պահպանելու երկրի անվտանգությունը։
Ֆորմալ առումով՝ Կորեական թերակղզին մինչև հիմա գտնվում է պատերազմական իրավիճակում։ Հյուսիսի և Հարավի միջև ռազմական գործողությունները սկսվել են 1950 թվականի հունիսի 25-ին և շարունակվել 3 տարի։ 1953 թվականի հուլիսին ռազմական գործողություններն ավարտվել են, ինչի արդյունքում կնքվել է զինադադարի մասին համաձայնագիր, որը, սակայն, մինչև հիմա չի հաջողվել վերածել խաղաղության պայմանագրի։