Իրանի դեմ նավթային պատժամիջոցների խստացումը տնտեսական ու ընտրական ռիսկեր է պարունակում Բայդենի համար. Bloomberg
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հղում անելով տեղյակ աղբյուրներին, Bloomberg -ը գրում է, որ Սպիտակ տունը քննարկում է հակաիրանական պատժամիջոցների խստացման հարցը, մինևնույն ժամանակ գիտակցելով, որ ցանկացած սխալ քայլ կարող է ապակայունացնել նավթի համաշխարհային շուկան։
Բայդենի կառավարությունը պետք է կարողանա նավթի խոշոր արտադրողներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային, համոզել՝ կանխել նավթի գների աճը։
2022թ. Սաուդյան Արաբիան մերժել էր Բայդենի նմանատիպ խնդրանքը, իսկ վերջին շրջանում գլխավորում էր ՕՊԵԿ-ում նավթի արդյունահաման ծավալները կրճատած երկրների ցանկը։ Բացի այդ, Չինաստանը, որն Իրանի նավթի հիմնական գնորդն է ու ԱՄՆ-ի ամենախոշոր մրցակիցը, ցանկություն չունի օգնել Վաշինգտոնին։
ԱՄՆ երկկուսակցական օրենսդիրների մի խումբ կառավարությանը կոչ է արել խստացնել նավթի ոլորտում Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները։ Սակայն դա կնպաստի նավթի գնի աճին, ինչը նոյեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ, լուրջ խնդիր կդառնա Բայդենի համար։
Bloomberg -ի աղբյուրը նշել է, որ Սպիտակ տանը քննարկում են իրանական հում նավթ տեղափողող նավերի ու այդ գործընթացում ներգրավված երկրների նկատմամբ պատժամիջոցների գործադրման հարցը։
Պարբերականը գրում է, որ մինչ ԱՄՆ-ն կենտրոնացել էր Ռուսաստանի էներգետիկ եկամուտների կրճատման վրա, Իրանն անհամեմատ մեծացրել է նավթի արտահանման ծավալները։