Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտարարել է Իրաքում և Սիրիայում 40 զինյալի չեզոքացնելու մասին

Ամերիկյան զորքերը Իրաքի և Սիրիայի շրջաններին հասցրած հարվածների ընթացքում չեզոքացրել են 40 զինյալի. նրանց թվում, ըստ Պենտագոնի, Իրանի քաղաքացիներ չեն եղել: Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

«Ըստ նախնական տվյալների` իրանական պրոքսի խմբավորումների հետ կապված ավելի քան 40 զինյալներ են սպանվել կամ վիրավորվել ԱՄՆ հարվածների հետևանքով, որոնք հասցվել են 7 օբյեկտների, այդ թվում՝ ավելի քան 85 թիրախների, որոնք Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և նրանց հետ կապված աշխարհազորայիններն օգտագործել են ամերիկյան ուժերի վրա հարձակվելու համար», – ասել է Ռայդերը։

Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները «կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»՝ պաշտպանելու իր քաղաքացիներին և «առանց վարանելու պատասխանատվության կենթարկի» բոլորին, ովքեր մասնակից են ամերիկյան զորքերի վրա գրոհներին։

«Մենք ոչ մի ապացույց չունենք, որ հարվածների հետևանքով իրանցիներ են զոհվել», – հավելել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Մենք Իրաքին ծանուցել ենք հարվածներ հասցնելուց անմիջապես հետո», – ասել է Ռայդերը՝ հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իրաքում և Սիրիայում զինված խմբավորումները գրեթե ամեն օր հարվածներ են փոխանակում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի հետ։ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանին հունվարի 28-ին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր ամերիկացի 3 զինծառայող, վիրավորվել՝ 40-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս