
Արարատ Միրզոյանն ու Ֆերնանդո Արիասը քննարկել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում փետրվարի 8-ին հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ամրագրված հանձնառություններին ՀՀ կողմից տրվող կարևորությունը, ինչն իր արտացոլումն է ստացել նաև փաստաթղթին ՀՀ միանալուց ի վեր երկրում իրականացված օրենսդրական բարեփոխումներում։
ՔԶԱԿ գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասը ներկայացրել է վերջին շրջանի զարգացումների պայմաններում կազմակերպության համար առկա մարտահրավերները, այդ թվում՝ կոնվենցիայով սահմանված մանդատի իրականացման համատեքստում։
Մտքեր են փոխանակվել փոփոխվող աշխարհում զինաթափման և չտարածման ուղղությամբ ՔԶԱԿ ու անդամ երկրների կողմից շարունակական ջանքերի վերաբերյալ: