Ոչ մի քրեական գործ ինձ չի՛ կանգնեցնելու. Լևոն Քոչարյան
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ասաց, որ չի պատրաստվում հարց ուղղել Կառավարության անդամներին՝ հաշվի առնելով նախկին փորձը, երբ որպես կանոն՝ հարցերը պատասխաններ չեն ստանում։
«Այսպես ասած՝ ինչ-որ անհասկանալի պատասխաններ են տրվում, այս երկու օրը իմ դեմ կարված քրեական գործն այսպես հապճեպ փորձում են փնթի ձևով, բայց ուղարկել դատարան։ Պարզապես ինչ-որ տպավորություն թող չլինի, որ կարող է վախենում ենք, կամ այդ ամենից ահաբեկվում ենք։
Ուզում եմ վերահաստատել այն ամենը, ինչ ուզում եմ։ Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, դժբախտացել են հազարավոր մարդիկ, կրկնապատկվել է Եռաբլուրը, 100 հազարից ավելի մարդ զրկվել է իր հարազատների շիրիմներին այցելելու հնարավորություններից։
Ի դեպ, ներառյալ ինձ, որովհետև իմ պապիկ-տատիկների գերեզմաններն այնտեղ են, հորեղբայրս։ Հիմա էլ Ադրբեջանի նախագահի ուղիղ ցուցումով Սահմանադրության փոփոխության թեման է շրջանառում։ Այն, ինչ արվում է, համակարգչի լեզվով ասած՝ փորձում են մեր ժողովրդին ֆորմատ անել, և այն խոսույթից, որը լսում ենք իշխանության կողմից՝ տպավորություն է, որ պրո-թուրքական, ադրբեջանական վերսիան են փորձում նստեցնել՝ զրկելով ամեն ինչից, նրանից, ինչը մեզ հայ է դարձնում։ Այնպես որ, ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում և այս ապօրինությունները մեզ, ինձ չեն կանգնեցնելու»,- նշեց Լևոն Քոչարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում