Անձամբ Ալիևի դեմ հայց ներկայացնելո՞ւ եք, թե՞ ոչ. Նախարարը հարցին չպատասխանեց
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Գրիգոր Մինասյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք Ալիևի դեմ հայց ներկայացնելու են, թե՞ ոչ՝ իր կատարած ռազմական հանցագործությունների համար։
Պատգամավորը նախարարին հիշեցրեց, որ երբ իշխանությունն ընդունում էր Հռոմի ստատուտը, դա հիմնավորում էր նրանով, թե դա հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի այն հանցագործներին, որոնք հանցագործություններ են կատարել հայ զինվորների, գերիների նկատմամբ, պղծել են կին ծինծառայողների մարմինները։
«Ձեր կառավարությունն արդյո՞ք որևէ քայլ ձեռնարկել է ադրբեջանցի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Ի վերջո, մենք հասկանում ենք, որ կին զինծառայողների մարմինները պղծել է ոչ թե մի շարքային ասկյար, այլ հենց ինքը՝ Ալիևը, որովհետև նրա խրախուսմամբ է դա կատարվել։ Ձեր կառավարությունը քայլեր ձեռնարկե՞լ է Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Պատասխանելով հարցին, Գրիգոր Մինասյանն ասաց, որ դեռևս 7 օր է, ինչ Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել։
«Բայց 7 օր է, չէ՞, որ աշխատում ենք, արդեն շուրջ 2-3 ամիս մեր նախարարության մասնագետները, նաև միջազգային իրավական հարցերով գործընկերների հետ պատրաստել ենք օրենսդրական փաթեթ, որի հիմքում ընկած է հենց համապատասխանեցումը հենց միջազգային ստանդարտներին, քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի այն պահանջներին, որը մեզ բերելու է միջազգային քրեական արդարադատության ճիշտ դաշտ։ Դա մեզ հնարավորություն է տալու միջազգային քրեական ու քննական օրգանների փորձից օգտվել, նաև Ձեր կողմից վկայակոչված ռազմական հանցագործությունների շրջանակներում դրանց բացահայտմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը»,- նշեց Գ. Մինասյանը։
Արձագանքելով, պատգամավորը կրկին հնչեցրեց հարցը՝ Արդարադատության նախարարությունը, ՀՀ կառավարությունն Ալիևի դեմ հայց ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ։
«Եթե «անձամբ» բառը 20 անգամ կրկնեք, ավելի էմոցիոնալ ու դիպուկ չի լինելու հարցը»,- արձագանքեց Գրիգոր Մինասյանը և այդպես էլ հստակ հարցին չպատասխանեց։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութումշ