2023թ. Թուրքիայից Իսրայել արտահանումների ծավալը գերազանցել է 5 մլրդ դոլարը
Թուրքիայի վիճակագրական ինտիտուտի (TÜİK) տվյալների համաձայն՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության 2023-ի հոկտեմբեր 7-յան սրացումներից հետո Թուրքիա-Իսրայել աևտրաշրջանառությունը նվազել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Թուրքիայից Իսրայել իրականացված արտահանումները 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 34 տոկոսով՝ կազմելով 1.1 մլրդ դոլար:
Իսկ Իսրայելից Թուրքիա իրականացված արտահանումները, նվազելով 58 տոկոսով, կազմել են 322 մլն դոլար:
Հատկանշական է նաև, որ չնայած թվերի նահանջող ցուցանիշներին, վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայից Իսրայել իրականացված արտահանման ծավալներում 2023-ի ցուցանիշն ամենաբարձր երեք ցուցանիշից մեկն է համարվել:
2023-ին դեպի Իսրայել արտահանումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5.5 մլրդ դոլար:
Նշենք, որ թուրքական մեդիայում նման ցուցանիշների մասին շրջանառվող լուրերում ընդգծվում է այն փաստը, որ չնայած հոկտեմբերի 7-ից ի վեր Թուրքիայի կողմից վարվող հակաիսրայելական քաղաքականությանը, երկու երկրի առևտրաշրջանառության ծավալներում հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գրանցված նվազմանը, այն շարունակում է մնալ շոշափելի մակարդակում: