«Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգն Ադրբեջանին անհրաժեշտ է իր հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար». Արման Թաթոյան
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու և օրենսդրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի իշխանությանն անհրաժեշտ է արցախահայության բռնի տեղահանումից ու Հայաստանի տարածքների զավթումից, իր մյուս հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար։ Այս շղարշի ներքո նա խորացնում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի ծրագիրը, ստեղծում է ագրեսիայի արհեստական հիմքեր։
Ադրբեջանական իշխանական հեռուստաալիքը հերթական հաղորդումը նվիրել է Հայաստանի Աշտարակ քաղաքին, որն այն իբր, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ն է և օղուզ-թյուրքական ցեղերի հայրենիքն է անհիշերի ժամանակներից։
Ընդ որում, Աշտարակի հետ միասին յուրացվում են նաև այդ տարածքում գտնվող Հայոց վանական համալիրներն ու եկեղեցիները՝ նշելով, թե իբր դրանք 5-րդ դարի թյուրք-ալբանական հուշարձաններ են։
Իբր հայերն այստեղ բնակեցվել են 1828 թվականից Ռուսական կայսրության կողմից՝ ռուս-թուրքական պատերազմից հետո։
Իրականում, այս ծրագիրը հատուկ մշակված պետական քաղաքականություն է։ Այն ոչ միայն չի նվազել, այլ նաև ինտենստիվ առաջ է տարվում։ Սա արվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քարոզչությամբ։
Անհրաժեշտ է բացահայտել ադրբեջանական կեղծ տվյալները և ցույց տալ, որ Ադրբեջանի իշխանությունը խաղաղության մտադրություն չունի։ Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց օրակարգն ու լեգիտիմացնեն իրենց հանցանքները և զուգահեռ նախապատրաստվեն նոր հանցանքների»։