Սև ամպեր՝ «Ֆրի Նյուզի» գլխին. ԲՏԱ նախարարությունը «մարտական» է տրամադրված

Օրերս Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել էր՝ մեծ պարտքերով 1 հեռուստաընկերություն է մնացել՝ «Ֆրի Նյուզը», ապա «գուժել».

«Ինչքան մենք գիտենք՝ տնտեսվարող սուբյեկտների հարաբերություններն են՝ ԲՏԱ և «Ֆրի Նյուզ». նախարարությունը պատրաստվում է դիմել կոշտ քայլերի»:

Հիշեցնենք՝ «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերությունը ղեկավարում է ԱԺ նախագահ, իշխող թիմի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը:

Իսկ ԲՏԱ նորանշանակ նախարար, Ալեն Սիմոնյանի թիմակից Մխիթար Հայրապետյանը, ըստ տարբեր աղբյուրների, արդեն իսկ սկսել է կոշտ քայլերի քաղաքականությունը` պարբերաբար դիմելով եթերի կասեցումների:

Կարդացեք նաև

Հերթական կասեցման մասին տեղեկացանք այսօր՝ թեև հեռուստաընկերության մեր աղբյուրներն ասացին, որ իրենք շարունակում են աշխատել նախկին ռեժիմով:

168.am-ը փորձեց նաև նախարարությունից ճշտել «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերության նկատմամբ կիրառված «պատժամիջոցների» հիմքերի մասին:

Նախարարությունից մեզ, մասնավորապես, հայտնեցին.

««Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն չի կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգման ներքո գործող «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այն է՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումները, ուստի ՀՌՀՑ-ն որոշում է կայացրել պայմանագրով սահմանված կարգով դադարեցնել ՀԸ հեռարձակումը: Օրենքն ասում է՝ եթե չի ապահովում հեռարձակումը 24 ժամ, դա ՀՌՀ համար հիմք է լիցենզիան կասեցնելու: Այսօր արդեն անջատել են, բայց 24 ժամն ուժի մեջ է. եթե վճարի՝ լավ, եթե ոչ՝ ՀՌՀ-ն իրավունք ունի զրկել»:

Հիշեցնենք՝ հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանը դեռ հունվարին անդրադարձել էր թեմային՝ մասնավորապես նշելով.

«Մենք ունենք հստակ տեղեկատվություն, որ պարտքերը դեռ չեն մարել նաև այլ հեռուստաընկերություններ, սակայն վերջիններիս նկատմամբ վերոհիշյալ պատժամիջոցներն անգամ չեն կիրառվում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ «Ֆրի Նյուզը» չունի որևէ արտոնություն այլ հեռուստաընկերությունների նկատմամբ:

Ինչ վերաբերում է «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերության՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարի ուշացմանը` պարտքեր կուտակվել են գրեթե բոլոր հեռուստաընկերությունների գծով, այդ պատճառով ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է հեռուստաեթերի ժամանակավոր անջատումներ՝ մինչ պարտքի ամբողջական մարումը:

Ի սկզբանե, պատժամիջոցը կիրառվել է ոչ միայն մեր նկատմամբ, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները նման խնդիր ունեցել են, մի մասն արդեն պարտքերը մարել են, մյուսներն առայժմ ընթացքի մեջ են: «Ֆրի Նյուզ»-ն իր հերթին՝ այս ամիս փոխանցել է ամսական վճարը, առաջիկայում պարտավորվում է մարել կուտակված պարտքն ամբողջությամբ` համաձայն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցի հետ ձեռք բերվելիք ժամանակացույցի պայմանավորվածության»:

Ի դեպ, տարբեր շրջանակներ սա ևս համարում են ներիշխանական ինտրիգների, կլանային պայքարի հերթական դրվագ:

Տեսանյութեր

Լրահոս