Երևանի ավագանին կքննարկի կիրակի «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղի համար վճարումից ազատելու նախագիծ
Երևանի ավագանու փետրվարի 5-ին կայանալիք արտահերթ նիստում կքննարկվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, Երևանի ավագանու որոշման նախագծով առաջարկվում է ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետը լրացնել վերոնշյալ առաջարկով նոր ենթակետով։