ԻՀՊԿ-ն կրճատում է Սիրիայում սպայական կազմը՝ իսրայելական հարվածներից հետո․ Reuters

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որոշել է կրճատել իրանցի բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում՝ իսրայելական մի շարք հարվածներից հետո։ Տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար Իրանը կսկսի ավելի շատ ապավինել դաշնակից շիա խմբավորումներին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրի։

Ըստ հրապարակման՝ 10 տարի առաջ Սիրիայում տեղակայվելուց ի վեր ԻՀՊԿ-ն ամենալուրջ կորուստներն է կրել վերջին օրերին․ Իսրայելի հարվածների հետևանքով Սիրիայում ԻՀՊԿ-ի 6 անդամ է զոհվել, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան գեներալներից մեկը։

Այս քայլով, ըստ աղբյուրների, Թեհրանը մասամբ ցանկանում է խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավվելուց։ Չնայած Իրանն աջակցում է Լիբանանից, Եմենից, Իրաքից և Սիրիայից տարբեր խմբավորումներին, այսպես կոչված՝ «Դիմադրության ուժերին», որոնք հարվածներ են հասցնում իսրայելական ուժերին, սակայն Թեհրանը միևնույն ժամանակ փորձում է խուսափել հակամարտությունից։

Ըստ աղբյուրներից մեկի՝ «ԻՀՊԿ-ի մի քանի բարձրաստիճան զինվորականներ լքել են Սիրիան՝ միջին մակարդակի տասնյակ սպաների հետ», սակայն դեռևս չի խոսվում երկրից Իրանի զինված ուժերի ամբողջական դուրսբերման մասին։

Միևնույն ժամանակ աղբյուրները հայտնել են, որ այս փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենա գործողությունների վրա։ ԻՀՊԿ-ն Սիրիայում իր գործողությունները կհամակարգի հեռավար կերպով՝ իր դաշնակից «Հեզբոլլահ»-ի օգնությամբ, հավելել են Reuters-ի զրուցակիցները։

Աղբյուրներից մեկն ընդգծել է, որ իսրայելական ճշգրիտ հարվածները դրդել են ԻՀՊԿ-ին տեղափոխել իր օբյեկտներն ու անձնակազմի գտնվելու վայրերը: Այս քայլի պատճառը Սիրիայի անվտանգության ծառայություններից տեղեկատվության արտահոսքի հետ կապված մտահոգությունն է։

Իրանի ուժերը Սիրիայում տեղակայվել են երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրավերով, որպեսզի օգնեն նրան ապստամբների դեմ պայքարում, որոնք 2011 թվականին հակամարտության բռնկվելուց հետո գրավել էին երկրի որոշ հատվածներ։

Տեսանյութեր

Լրահոս