ՀՀ-ն ամեն տարի Արաքս գետից ջուր կվերցնի 5 ամիս շարունակ
Ամեն տարի նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը Արաքս գետից ջուր կվերցվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։
Արաքս գետից ջուրը կտեղափոխվի դեպի Մեծամորի գետավազան, որպեսզի մեղմվեն Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները։
«Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված` դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում, և առկա է արտեզյան հորիզոնների և Մեծամոր գետի ջրատվության նվազում, որը կարող է հանգեցնել տվյալ տարածաշրջանի ջրային ռեսուրսի հյուծմանը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Համաձայն 1927 թ. Սովետա-թուրքական կոնվենցիայի, որը մինչ օրս գործում է, Հայաստանին և Թուրքիային վերապահված է Արաքս սահմանային ջրահոսքը օգտագործել հավասարաչափ՝ որից ՀՀ մասնաբաժինը կազմում է տարեկան 721.7 մլն մ/խ։ Մինչդեռ վերջին տարիներին ՀՀ–ն իր մասնաբաժինը շատ քիչ է օգտագործել` 2022 թ.–ին` ընդամենը 55 %-ը։