«Բաջանաղի անունով մասնակցում են մեր մրցույթներին». Սանոսյանը դժգոհեց պետգնումներից

ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ ՀՀ պետական գնումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։

«Հիմնական շեշտը դրել ենք ցածր գնի վրա, ամենացածր գին տվող ընկերությունը դառնում է հաղթող` իր բոլոր պրոբլեմներով։ Երբ մի ընկերություն 40 տոկոս գին է իջնում, իրականում դա ոչ թե խնայողություն է ու պետք է ուրախանալ, այլ մեծ ռիսկ է»,- ասաց նա։

Սանոսյանի կարծիքով` պետք է վերանայել նաև մրցույթներին ընկերություններին լիցենզիա տալու և նաև սև ցուցակ ուղարկելու գործընթացը։

«Հենց հիմա ունենք մի ընկերություն, որին ուղարկել ենք սև ցուցակ, որը հիմա դատական գործընթաց է սկսել մեր դեմ։ Նա մեկ այլ անունով հիմա մեր մրցույթին է մասնակցում։ Այսինքն` գիտենք, որ ինքն է` բաջանաղի անունով է գրանցվել, թե այլ անունով, բայց ինքն է։ Այսինքն` մենք մինչև իրեն սև ցուցակ ենք ուղարկում, դատական պրոցես ենք անցնում, նա այդ ընթացքում մեր այլ մրցույթին է մասնակցում այլ անունով։ Արդյունքում մեր նախարարությունը խնդրի առաջ է կանգնում, քանի որ այդ ընկերության հետ ունի աշխատանքի վատ փորձ»,- նշեց Սանոսյանը՝ չնշելով, թե խոսքը որ ընկերության մասին է։

Ըստ նրա` որքան էլ իրականացվող աշխատանքների ծավալները շատ են, սակայն գերատեսչության ներքո գտնվող 100 օբյեկտից միայն 10-ում կա խնդիր։

«Ուզում եմ ասել, որ չլինի այնպիսի տպավորություն, որ համատարած մեր բոլոր օբյեկտներում կա խնդիր», ասաց Սանոսյանը՝ հիշեցնելով, որ այսօր նիստին ներկայացված այն 43 օբյեկտները, որտեղ սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ են իրականցվել, իրականում պետք է լիներ 54։

Բանն այն է, որ 11 օբյեկտում նախարարությունը խնդիր է տեսել ու նրանց չի վճարել։

Տեսանյութեր

Լրահոս