
Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ ՀՀ Սահմանադրության ընդունումը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է. Ռուբինյան

Նոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել, որտեղից է այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է և միայն ՀՀ-ի ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել, չընդունել, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրի հղում թողել, թե հանել։
Այդ ամենը որոշում է ՀՀ-ի ժողովուրդը և ՀՀ-ն է նաեւ որոշելու, թե ինչպիսի պետություն է ինքը ուզում տեսնել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը մոտակա 20, 30, 50, 100 տարում»,- ասել է նա։
Անդրադառնալով հիմնի ու զինանշանի փոփոխությանը, Ռուբինյանը ասաց, որ ինքը չի ցանկանում, որ այն փոփոխվի, եւ այս թեմայի քննարկումը խոսում է ընդդիմության քաղաքական ասելիք բացակայության մասին:
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, խմբակցությունը որեւէ որոշում չունի հիմնը եւ զինանշանը փոխելու վերաբերյալ»,-ասաց նա: