Բաժիններ՝

ԿԲ նախագահը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0․5 տոկոսային կետով նվազեցնելու որոշումը

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 30-ի նիստում որոշել է 0․5 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ սահմանելով 8․75 տոկոս: Որոշման մանրամասներն ու հիմնավորումները հրավիրած ասուլիսում ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Բանախոսն առանձնացրել է որոշմանը նպաստած արտաքին և ներքին մի շարք գործոններ:

«2023 թվականի դեկտեմբերին 12 ամսվա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.6: 12 ամսվա բնականոն գնաճը նույնպես նվազել է՝ կազմելով -0.4: 2023 թվականի 4-րդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակել է դանդաղել: Միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միջավայրը մեղմվում է, և համաշխարհային գնաճը որոշակիորեն դանդաղում է: Այնուամենայնիվ, գործընկեր երկրներում աշխատաշուկայի դրական զարգացումները շարունակում են նպաստել պահանջարկի ընդլայնմանը:

2024 թվականի սկզբին Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումների սրմամբ պայմանավորված արձանագրվել է էներգակիրների գների որոշակի աճ և ձևավորվել են առաջարկի արժեշղթաների խաթարման ռիսկեր: Նման իրավիճակում առաջատար երկրների ԿԲ-ներն առաջիկայում աստիճանաբար կթուլացնեն զսպող դրամավարկային պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ»,- ընդգծեց նա:

Մարտին Գալստյանի խոսքով՝ 4-րդ եռամսյակում ՀՀ-ում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել է նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Արտաքին պահանջարկը որոշակիորեն դանդաղել է զբոսաշրջության աճի տեմպի նվազման հաշվին: Միաժամանակ ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ հիմնականում արտահայտվելով մասնավոր սպառման բարձր աճով:

Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների և նախորդ տարիներին իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայրը: Վերջինս շարունակում է արտահայտվել նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ:

ԿԲ նախագահը նշեց, որ ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: «Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ»,- ընդգծեց Գալստյանը:

Նա ավելացրեց, որ ԿԲ խորհրդի գնահատմամբ՝ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: «Այդ ռիսկերի որևէ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,- հավաստիացրեց Գալստյանը:

ԿԲ խորհուրդը որոշել է նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 10.25%, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.25%:

Նշենք նաև, որ 2023 թվականի սկզբից վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է արդեն 6-րդ անգամ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին՝ հասցվելով 9,25 տոկոսի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս