Սահմանադրություն են փոխում ՀԱՊԿ-ից դուրս գալու, 102-րդ ռազմաբազան հեռացնելու նպատակով. Հայկ Նահապետյան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին ներկա էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

Ելույթում Փաշինյանը ներկայացրեց ժամանակակից բանակի իր պատկերացրած մոդելը՝ ընդգծելով. «Մենք պետք է վերանայենք անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները: Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, ընդհակառակը, մեր գլխին եկած աղետի պատճառ համարեց Փաշինյանի և նրա թիմի դիլետանտ կառավարումը, անկարողությունը և դավաճանությունը։

«Ստացվում է՝ երբ 2020 թվականի հունիսին հայկական Զինված ուժերի կողմից 2 մարտական հենակետ վերադարձվեց, այն ժամանակ Փաշինյանը մեր բանակը համարում էր տարածաշրջանում ամենուժեղը, ի դեպ, այն բանակը, որն ինքը ժառանգել էր նախկիններից, հիմա պարզվում է՝ այդ նույն բանակն իր կարծրատիպերով աղե՞տ է բերում։ Իր խայտառակ սխալ, դավաճանական քաղաքականությունն է աղետ բերել և բերում։ Հիմա նա պարտության մեղավոր է կարգում անվտանգային համակարգե՞րը»։

Կարդացեք նաև

Ըստ Նահապետյանի՝ Փաշինյանի ելույթի այս դրվագն ուշագրավ է նաև նրանով, որ նա բարձրաձայն խոսում է Հայաստանի անվտանգային քաղաքական վեկտորը փոխելու և դեպի Արևմուտք թեքվելու մասին։

«Բանակը կազմալուծում են. բանակում տիրում են բարքեր, որոնց դեմ նախկինների ժամանակ պայքար կար, հիմա՝ չկա։ Դրա արդյունքն է այն, որ նույն զորամասում ոչ մարտական պայմաններում մեկ շաբաթվա ընթացքում երեք սպա ենք կորցնում։ Այնպես որ, Փաշինյանն ավելի լավ կանի՝ լուռ մնա։ Կրկնում եմ՝ բանակը կազմալուծում են մեկ նպատակով, որպեսզի վերաֆորմատավորեն ՆԱՏՕ-ական չափանիշներով նոր ռազմական միավորի մեջ, որովհետև արտաքին ուժերի կողմից դրված է Փաշինյանի վրա պահանջ, որ Հայաստանն Ադրբեջանի և Վրաստանի հետ պետք է ունենա մեկ միասնական բանակ և գործի ընդդեմ Ռուսաստանի։ Փաշինյանն այս հանձնարարականն է կատարում։ Պատրաստում են 3 հանրապետությունների միացյալ բանակ՝ Թուրքիայի Գլխավոր Շտաբի հրամանատարությամբ»,- ասաց Նահապետյանը՝ հիշեցնելով, որ նման մի փորձ արվել է 1918 թվականին Անդրկովկասյան Սեյմում։

Անդրադառնալով նշված ելույթում Ադրբեջանին արված Փաշինյանի առաջարկներից մեկին, թե հայկական կողմն Ալիևին առաջարկել է սահմանի ապառազմականացում, Հայկ Նահապետյանը նշեց՝ սա բանակի զինաթափում է նշանակում։

«Այսինքն՝ զինաթափում է առաջարկում, որ սահմանի երկու կողմերում լինեն սահմանապահ զորքեր, և դա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը 2016 թվականից Հայաստանի հետ իր սահմանին իր զորքը փոխարինեց սահմանապահ զորքով, որի ընդամենը հագուստն է փոխված. դա նույն ադրբեջանական բանակն է՝ զինված, իսկ ռազմական տեխնիկան էլ մի ժամվա հեռավորության վրա է։ Այնպես որ, Ալիևը Փաշինյանի կողմից ապառազմականացման մասին հայտարարությունը լսելով, կարծում եմ, ժպտում է, որովհետև Ալիևի նպատակն ամբողջ Հայաստանի տարածքին տիրանալն է, ինչին ի պատասխան՝ լսում է ապառազմականացման առաջարկի մասին»,- ասաց ռազմական փորձագետը՝ շարունակելով, որ Հայաստանի իշխանությունը միևնույն ժամանակ գնում է նոր Սահմանադրության ընդունմանը, որտեղ կավելացնեն մի կետ, որով Հայաստանը չի կարողանա դառնալ վերպետական ռազմական կառույցի անդամ.

«Սահմանադրությունը փոխում են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, 102-րդ ռազմաբազան հեռանա, և Հայաստանը չկարողանա դառնալ վերպետական կառույցի անդամ»,- ասաց Նահապետյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս