Մեզ նամակ գրեցին՝ «եթե շարունակեք մեզ քննադատել, դաշտից կզրկենք». Սա ի՞նչ շանտաժ է. Արմեն Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը պիտի որոշե՞ն՝ ես ինչ խոսեմ. Արթուր Սողոմոնյան
«Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում, 168.am-ի եթերում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ խոսել ենք «Փյունիկ»-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ՀՖՖ) կոնֆլիկտի, ֆուտբոլային աշխարհում ներդրումների, հայկական ֆուտբոլի ապագայի ու զարգացման հեռանկարների վերաբերյալ իր մոտեցման, մանկապատանեկան ֆուտբոլում եղած խնդիրների, ԲԿՄԱ նախագծի, դրա իրականացման ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, երիտասարդ ֆուտբոլիստների՝ բանակից ազատվելու եղանակների մասին:
Անդրադարձ է կատարվել նաև Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենին, ազգային հավաքականի և բոլոր տարիքային խմբերի հավաքականների ցուցադրած արդյունքներին, տարվա լավագույն մարզչի ընտրության հարցին, ՀՖՖ նախագահ և փոխնախագահ Արմեն Մելիքբեկյան-Արմեն Նիկողոսյան զույգի հետ աշխատելու անհնարինությանը:
«Կարելի է ասել՝ մեր հավաքականը դարձել է Սփյուռքի հավաքական: Մեր հույսն այն է, որ դրսից ինչ-որ հայեր ցանկություն հայտնեն ազգային հավաքականում խաղալու: Բայց իմ նպատակն է, որ մեր ֆուտբոլիստները դառնան հավաքականի կորիզը»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:
Վերջինս հաստատեց նաև ֆուտբոլային աշխարհում շրջանառվող այն խոսակցությունները, որ իր ու ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ Արթուր Սողոմոնյանը հավանել է իր թիմի գլխավոր մարզչի՝ Եղիշե Մելիքյանի գրառումը:
«Մինչև վերջ չեմ կարողանում հասկանալ: Պրոբլեմներն առաջացան այն ժամանակ, երբ «Փյունիկը» սկսեց լավ արդյունքներ ցույց տալ: Ինչ-որ անձնական խնդիրներ առաջացան: Դուք ոչ մի տեղ չեք տեսնի, որ ՀՖՖ նախագահը դատի տա ակումբի սեփականատիրոջը: Ամոթ է նույնիսկ, ես եմ իր տեղն ամաչում, բայց, ցավոք սրտի, այդ խոսակցությունները ճիշտ են: Ես զանգում էի, ինքը չէր վերցնում հեռախոսը, հետո մարդիկ ասում էին՝ պատճառն ի՞նչ է, չէի հավատում, հետո արդեն հաստատվեց, որ պատճառը հենց այդ էր»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:
Արթուր Սողոմոնյանը պատասխանեց նաև «Փյունիկի» և անձամբ իր հասցեին ՀՖՖ ղեկավարների հնչեցրած մեղադրանքներին, ասաց, որ եվրոպական ֆուտբոլային աշխարհում արդեն տեղեկացված են ՀՖՖ ղեկավարության աշխատանքի որակի մասին:
«ՖԻՖԱ-ում ֆեդերացիայի վերաբերյալ գործ կա հարուցված արդեն: Խախտումները բազմաթիվ են: Մենք գնում ենք մարզ, տարածքի համար պայմանավորվում ենք, որ ակադեմիա սարքենք: Հետո ինձ զանգում, ասում են՝ ՀՖՖ-ի հետ խնդիր ունե՞ք, զանգել, ասել է՝ Սողոմոնյանին տարածք չտաք: Չի կարելի հայկական ֆուտբոլին վերաբերվել այնպես, ինչպես Մելիքբեկյանն ու Նիկողոսյանն են վերաբերվում: Մեզ նամակ էին գրել՝ եթե շարունակեք մեզ քննադատել՝ դաշտից կզրկենք: Սա ի՞նչ շանտաժ է: Այսինքն՝ դուք պիտի որոշե՞ք՝ ես ինչ ասեմ, ինչ՝ ոչ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: