ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ֆինլանդիայի հետ սահմանային գործընկերությանն առնչվող համաձայնագրի խզման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի և Ֆինլանդիայի կառավարությունների միջև միջսահմանային համագործակցության խթանմանն առնչվող համաձայնագրի դադարեցման մասին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«2024 թվականի հունվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև միջսահմանային համագործակցությունը խթանելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Հելսինկիում 2012 թվականի ապրիլի 13-ին, դադարեցվել է»,- ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նախորդ տարվա հոկտեմբերին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Անտի Հելանտերային նոտա էր փոխանցել Մոսկվայի և Հելսինկիի միջև միջսահմանային համագործակցության խթանմանն առնչվող համաձայնագրի դադարեցման մասին։ Որոշումը կայացվել է Ռուսաստանի նկատմամբ Ֆինլանդիայի «առճակատման տանող գործողությունների» պատճառով։