Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածը ցույց տվեց գաղափարի ու գործի կենսունակությունն ու շարունականությունը. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Երբ մտորում ենք կրթության դերի ու կարևորության մասին, ակամայից հիշում ենք այն կարևորությունը ստեղծող ու զարգացնող մարդկանց, միջավայրը՝ որտեղ կարևորվել է կրթության դերը։

Այսօր առավել քան երբևէ կարևոր է ընդգծել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ ներշնչվել է այն գաղափարը, որ լիարժեք մարդ-քաղաքացի կարող է դաստիարակվել միայն ճշմարիտ ու հաստատուն կրթության ճանապարհով, ժամանակակից, աշխատասեր, կրթված ու հայրենասեր մարդ-քաղաքացին, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը ու գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները։

Սերժ Սարգսյանի տասը տարվա նախագահության կրթական համակարգի բարեփոխումները ընդգրկել են կրթական ողջ շղթան՝ նախակրթարաններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Հանրակրթությունը կրթության ոլորտի կարեւորագույն գերակայություն է՝ որպես անհատի եւ հասարակության անվտանգության եւ կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարեւոր երաշխիք:

Աճել են պետական ծախսերը հանրակրթության ոլորտում, զգալիորեն բարելավվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմաններն ու տեխնիկական հագեցվածությունը, աճել են ուսուցիչների աշխատավարձերը։

Հանրակրթությանն ուղղված պետական ծախսերն անվանական արտահայտությամբ 2006-2017 թվականներին աճել են շուրջ 1.6 անգամ, իսկ հանրակրթությունում ընդգրկված մեկ աշակերտի հաշվով՝ շուրջ 2 անգամ:

2006-2017 թվականների ընթացքում հանրակրթության համակարգը նշանակալի բարեփոխումների է ենթարկվել։ Սկսած 2008 թվականից՝ սկսել է ձեւավորվել ավագ դպրոցների ցանցը, որը 2017 թվականին արդեն ներառում էր 107 ավագ դպրոց։ Բոլոր ավագ դպրոցներն ապահովվել են ուսումնական լաբորատորիաներով, ինտերնետ կապով, ժամանակակից գրադարաններով:

2008 թվականից սկսել է իրականացվել ներառական կրթության ծրագիրը, ընդգրկելով շուրջ 6100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների:

2016 թվականից Հայաստանի Հանրապետությունը հռչակել է համընդհանուր ներառական կրթության անցնելու սկզբունք, համաձայն որի տարեցտարի ներառական կրթություն կիրականացվի հանրապետության բոլոր դպրոցներում:

2010 թվականից ներդրվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը՝ որով 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ անվճար սնունդ էր ստանում նախակրթարաններում եւ 1-4-րդ դասարանում սովորող շուրջ 90 հազար աշակերտ։ 2012-13 ուսումնական տարվանից տարրական դասարանների աշակերտներին բոլոր դասագրքերը սկսել են տրամադրվել անվճար:

2006-2017 թվականների ընթացքում ուսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձն աճել է 2.6 անգամ եւ 2017 թվականին կազմել 152.1 հազար դրամ։

Միաժամանակ, կարեւորելով հանրակրթության որակը, 2009 թվականից ուսուցիչների ատեստավորման նոր համակարգի ներդրումը, իսկ 2012 թվականից ուսուցիչներին տարակարգերի շնորհման գործընթացի մեկնարկը հնարավորություն են տվել իրականացնելու տարբերակված ֆինանսավորում եւ խթաններ ստեղծելու մասնագիտական հետագա կատարելագործման համար: Այսպես, 2012-2017 թվականների ընթացքում տարակարգ ստացած շուրջ 1800 ուսուցիչներ ստացել են հավելավճարներ: Այդուհանդերձ, 2007-2017 թվականներին ուսուցիչների աշխատավարձերն ավելի դանդաղ են աճել, քան միջին ու նվազագույն աշխատավարձերը։

2006 թվականի համեմատ բարելավվել են դպրոցների շենքային պայմանները, լուծվել դպրոցների ջեռուցման հարցը։ 2016 թվականին դպրոցների 71 տոկոսն ունեցել է գազամատակարարում, 66 տոկոսը ջեռուցվել է կենտրոնացված կամ անհատական ջեռուցման համակարգով, իսկ եւս 33 տոկոսը՝ էլեկտրաջեռուցմամբ, մինչդեռ 2006 թվականին դպրոցները մասնակի ծածկույթով ու ռեժիմով ջեռուցվում էին հեղուկ վառելիքի վառարաններով։ Զգալիորեն աճել է հանրակրթական դպրոցների տեխնիկական զինվածությունը: Եթե 2006 թվականին հանրապետության հանրակրթական դպրոցներն ունեին ընդամենը 5,599 համակարգիչ, ապա 2016 թվականին դրանց թիվն ավելացել էր 4 անգամ՝ կազմելով 22,144։ Բացի այդ, եթե 2006 թվականին ինտերնետ կապով ապահովված էր դպրոցների ընդամենը 19 տոկոսը, ապա 2016 թվականին՝ բոլոր դպրոցները։ Ավելին՝ ՀՀ դպրոցների 78.6 տոկոսում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային ռեսուրս կենտրոններ:

225 դպրոցներում ստեղծվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, ինչպես նաեւ Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանավանում բացվել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ:

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածը ցույց տվեց գաղափարի ու գործի կենսունակությունն ու շարունականությունը։ Եվ ինչպես Սերժ Սարգսյանն է նշել իր խոսքում «Հայաստանը կարող է լինի միայն կրթված, այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ»»:

Տեսանյութեր

Լրահոս