Ստամբուլի ընդդիմադիր թեկնածուն հավակնում է հաղթանակի
Թուրքական «Optimar» հետազոտական ընկերությունը հունվարի 16-19-ը սոցհարցում է անցկացրել մարտին Թուրքիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերաբերյալ:
Ընկերության «Թուրքիայի զարկերակը, հունվարի հետազոտություն» սոցհարցումը կենտրոնացված է եղել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների վրա: Դրան մասնակցել է 2.205 ստամբուլցի ընտրող:
Մասնակիցները նախ պատասխանել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի վերաբերյալ հարցին:
Հարցվածների 33.7 տոկոսը պատասխանել է, որ Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուն չի հաջողելու ընտրություններում, իսկ 40.3 տոկոսն ասել է, որ հաջողելու:
Ապա նրանց ուղղվել է հետևյալ հարցը. «Որքանո՞վ կազդի Ստամբուլի ընտրությունները երկրի քաղաքականության վրա»:
Ի պատասխան հարցին ստամբուլցի ընտրողների 33.3-ը ասել է. «Մեծ ազդեցություն կունենա», իսկ 29 -ը՝ «Կազդի»:
Մասնակիցները պատասխանել են նաև մեկ այլ հարցի. «Ո՞վ պետք է ընտրվի, Մուրադ Քուրումը՞ (Թուրքիայում իշխող «ԱԶԿ» կուսակցության Ստամբուլի թեկնածու), թե՞ Էքրեմ Իմամօղլուն»:
Այս դեպքում հարցվածների 46.3-ը տվել է Իմամօղլուի անունը, իսկ 42.1-ը Քուրումի: Նրանց 5.7 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 5.9-ն ասել է. «ոչ ոք»: