«Միջազգային հանրության և մեր հասարակության համար պարզ է` Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է». Հենրիխ Դանիելյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորին էլ ակնհայտ է, որ գործ ունեն քաղաքական հետապնդման և իշխանության կողմից Արմեն Աշոտյանի դեմ ուղղված ռեպրեսիաների հետ։
«Մենք տեսել ենք միջազգային հանրության արձագանքները պարոն Աշոտյանի դեմ, շինծու գործի հետ կապված՝ մատնանշվել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։ Տեսել ենք հանրության շրջանում ձևավորված կարծիքներն ու վերլուծությունները, այն է, որ յուրաքանչյուր սոցհարցման արդյունքում, հարցվածների շուրջ 50 տոկոսի կարծիքով՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։ Նա այսօր անազատության մեջ է Նիկոլ Փաշինյանի վախերի արդյունքում։ Արմեն Աշոտյանն ինչպես պայքարել է դրսում, այնպես էլ պայքարում է իր բանտախցից, խոսելով ու վերլուծելով այն իրավիճակը, որում այսօր մենք հայտնվել ենք այս դավադիր իշխանությունների թեթև ձեռքով»,- շեշտեց Հենրիխ Դանիելյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ստում է խաղաղության հարցում, ինչպես Արմեն Աշոտյանն էր ժամանակին ասում Արցախի հանձնման մասին, և նրան բանտարկեցին, որպեսզի նա չխոսի ու չբարձրաձայնի իրականության մասին։
«Այսօր Արմեն Աշոտյանը խոսում է կրկնակապիտուլյացիաների մասին, որին պատրաստվում է Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Հենրիխ Դանիելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում