Ալիևն ու Էրդողանը վստահ են՝ ունեն Փաշինյան, որը կանի այն, ինչ կպահանջեն. Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործընթացն ամբողջությամբ տապալված է Նիկոլ Փաշինյանի պատճառով՝ իրեն պարտադրված խաղը չհասկանալու համար։ 168.аm-ի հետ զրույցում ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով.

«Խաղը ճիշտ հասկանալ Փաշինյանը չկարողացավ և մշտապես արեց այն, ինչ իրեն խորհուրդ են տալիս դրսից։ Հաճախ գործում է նաև մակերեսային պատկերացումներով, ինչի հետևանքով հայ ազգին կանգնեցրել է իրենց ինքնությունը կորցնելու խնդրի առաջ»։

Ըստ Մարտիրոսյանի՝ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագրին» թվում է, իրենք հասել են մի կետի, որ կարող են հիմա էլ խաղաղության բանաձև ձևակերպել, բայց Փաշինյանի ձևակերպածն այլ բան է լինելու։

«Նրա խաղաղությունը նման է Զելենսկու խաղաղությանը, որովհետև խաղաղություն լինում է, երբ երկու կողմն են դրան ձգտում. չի՛ կարող միայն մեկ կողմի հետ հասանելի դառնալ այդ խաղաղությունը։ Փաշինյանի այս մոտեցումը խոսում է այն մասին, որ իրենք չեն հասկանում՝ Ալիևն ինչ է ուզում անել։ Իհա՛րկե, կարող են հիմա ասել, թե Ալիևի հայտարարությունները պայմանավորված են փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով, բայց իրականությունն այն է, որ Ադրբեջանի և Թուրքիայի տրամաբանությամբ Հայաստան պետք է չլինի, իսկ լինելու դեպքում, պետք է լինի գաճաճ պետություն՝ նման Անդորրային կամ Լիխտենշտեյնին, որը չի՛ կարող խոչընդոտել թուրք-ադրբեջանական ծրագրերին»,- ասաց Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Բանակցային գործի մասնագետի դիտարկմամբ, եթե Հայաստանին սպառնացող այս ճակատագիրը կանխելու հարցում կան սպասելիքներ միջազգային հանրությունից, ապա այստեղ պետք է հիշել՝ եթե դու՝ որպես պետություն, չես կարողանում մոբիլիզացնել քո ռեսուրսները, ապա դառնում ես այդ նույն միջազգային հանրության ձեռքում գործիք. այն, ինչին ականատես ենք լինում։

«Հայաստանի միակ ռեսուրսը մարդն է՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում։ Դա է պատճառը, որ ուզում են հիմա վերջնականապես հարցը լուծել, որ հայ ազգ սահմանվի միայն 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ապրող բնակչությունը»,- ասաց բանակցային գործի մասնագետը՝ շարունակելով՝ այս հարցում էլ Հայաստանի իշխանությունը սխալ քաղաքականություն է վարում՝ սպասելիքներ ունենալով Արևմուտքից, հրաժարվելով ռուսների հետ բանակցությունից ու պատճառ բերելով, թե չի ստացվում։

«Դա իմպերատիվ պահանջ է. չեք կարողանում, մի կողմ քաշվեք, որովհետև եթե բանակցությունները տապալված են, իսկ դրանք տապալված են, նշանակում է որ մի կողմից՝ կարող է պատերազմ չլինել, որովհետև պատերազմը պայմանավորված է նաև այլ փոփոխություններով, բայց Ալիևի ձեռքում դա լինելու է ճնշման գործիք, մյուս կողմից՝ Ալիևն ու Էրդողանը վստահ են, որ հանձին Փաշինյանի՝ ունեն մեկին, որը պատրաստ է անել ամեն ինչ, ինչն իրենք կպահանջեն, արդյունքում՝ Հայաստանը կդառնա ռեգիոնալ Լիխտենշտեյն»,- խոսքը եզրափակեց Մարտիրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս