Ինչո՞ւ են փակում սահմանամերձ գյուղի դպրոցը, ուզում են գյուղը դատարկեն ու քայքայե՞ն. Մեղրաշատում դեմ են դպրոցի միավորմանը
168.am-ի խմբագրությանն էր դիմել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի բնակչուհի Ռուզաննա Սամվելյանը՝ ահազանգելով, որ Կառավարությունը՝ ԿԳՄՍ նախարարության հետ, որոշել է փակել իրենց գյուղի դպրոցը և տեղափոխել հարևան գյուղ, այսինքն՝ միավորել հարևան գյուղի դպրոցի հետ։ Սա ենթադրում է, որ Մեղրաշատի բոլոր երեխաները պետք է անցնեն 4 կիլոմետրից ավելի ճանապարհ, որպեսզի հասնեն կողքի գյուղի դպրոց։
«Մենք, տևական ժամանակ է՝ բողոքում ենք, սակայն մեզ որևէ մեկը չի լսում։ Ես 4 թոռնիկ ունեմ, նրանք դպրոցական են ու նրանք Կառավարության որոշման արդյունքում պետք է գնան կողքի գյուղի դպրոց, այն դեպքում, երբ մեր դպրոցն ունի բոլոր պայմանները, լավագույն մասնագետները։
Մեր գյուղը սահմանամերձ է, ինչո՞ւ են փակում, փակում են, որ գյուղը դատարկվի՞»,- իր մտահոգությունը հայտնեց մեր զրուցակիցը։
Տիկին Ռուզաննային հետաքրքրում է՝ ԿԳՄՍ նախարարությունն ինչո՞վ կարող է ապացուցել, որ Մեղրաշատի դպրոցի երեխաները որակյալ կրթություն չեն ստանում, հատկապես այն դեպքում, երբ գյուղի մանկավարժները բոլորն էլ որակյալ մասնագետներ են։ Կամ՝ ԿԳՄՍ նախարարությունը կարո՞ղ է ապացուցել, որ կողքի գյուղի դպրոցի մասնագետները որակյալ կրթություն կարող են ապահովել։
«Կողքի գյուղի դպրոցը նորմալ տնօրեն էլ չունի, մենք մեր երեխաներին ինչպե՞ս վստահենք այդ դպրոցին։ Մեր գյուղը քայքայում են, թող ԿԳՄՍ նախարարը մեզ ընդունի, մենք ամեն ինչ մանրամասն իրեն կբացատրենք։ Մեր գյուղը, դպրոցն այդ միավորմանը դեմ է։ Մեզ ասում են՝ ձեր դպրոցն անորակ է, մասնագետներ չկան, աշակերտներն էլ քիչ են, պիտի փակենք, ուզում են գյուղը պարզապես դատարկեն։
Այդ գերատեսչությունից որևէ մեկը մեր գյուղ ու դպրոց չի եկել, ի՞նչ իրավունքով են իմ երեխային իմ դպրոցից ու գյուղից տանում այլ գյուղ դասի։
Ալեն Սիմոնյանը եկել-գնացել էր Ախուրյանի մի քանի դպրոցներ, մի քանիսից էլ նրան ուղղակի վռնդել են։ Նիկոլ Փաշինյանի կինը եկել էր Ամասիա, չտեսա՞վ, որ այնտեղ մինչև հիմա նավթ են վառում, բայց մեր դպրոցը գազիֆիկացված է»,- նշեց մեր զրուցակիցը։
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով Կառավորության այս որոշման մասին՝ նկատեց՝ գյուղը սահմանամերձ է, անընդունելի է դպրոցի փակումը։
«Այս որոշումը վաղուց կա, նորություն չէ։ Սա Կառավարության որոշումն է, ես ոչինչ ասել չեմ կարող։ Մեղրաշատի դպրոցը շատ լավ դպրոց է, վերանորոգված, գազիֆիկացված, սպորտդահլիճով։
Եթե իմ հայեցողությանը մնար, չէի լուծարի, որովհետև սահմանամերձ գյուղ է, և դպրոց չլինելու դեպքում գյուղից մարդիկ շատ կգնան։ Ես Կառավարության որոշման դեմ ոչինչ անել չեմ կարող»,- եզրափակեց Ամասիայի համայնքապետը։