Բաժիններ՝

Նեթանյահուն ԱՄՆ-ին հայտնել է, որ դեմ է պաղեստինյան պետությանը Գազայում պատերազմի ավարտից հետո

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ին տեղեկացրել է այն մասին, որ Գազայում հակամարտության ավարտից հետո դեմ է պաղեստինյան պետությանը։ Ըստ Նեթանյահուի՝ Իսրայելը պետք է անվտանգության վերահսկողություն ունենա նաև Հորդանան գետի արևմտյան ափին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մամուլի ասուլիսի ժամանակ Նեթանյահուն խոստացել է շարունակել Գազայում ռազմական գործողությունները «մինչև լիակատար հաղթանակ», այն է՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ոչնչացումը և իսրայելցի պատանդների վերադարձը։ Նեթանյահուն հայտնել է, որ դա կարող է տևել «շատ ավելի երկար ամիսներ»։

Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում արդեն գրեթե 25 000 մարդ է զոհվել, անկլավի բնակչության 85 %-ը տեղահանվել է, և այս պայմաններում միջազգային հանրությունն Իսրայելին կոչ է անում ներգրավվել բանակցություններում։

ԱՄՆ-ն, ինչպես Իսրայելի շատ բարեկամ և ոչ բարեկամ պետություններ, կոչ են արել «երկու պետության ստեղծմամբ» լուծում գտնել հարցին։ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ առանց «ճանապարհի դեպի պաղեստինյան պետություն»՝ Իսրայելը չի կարող իրական անվտանգություն ունենալ։

Սակայն Նեթանյահուն կրկնել է, որ դեմ է «երկու պետությունների ստեղծման» միջոցով հարցի լուծմանը։ Ըստ նրա՝ պաղեստինյան պետությունը կդառնա Իսրայելի դեմ հարձակումների մեկնարկի հարթակ։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը «պետք է անվտանգության վերահսկողություն ունենա Հորդանան գետից արևմուտք գտնվող ամբողջ տարածքի վրա»։

«Դա բախվում է ինքնիշխանության գաղափարի հետ։ Ի՞նչ կարող ենք անել։ Այս ճշմարտությունը ես ասում եմ մեր ամերիկացի ընկերներին, և արգելակում եմ փորձերը՝ մեզ պարտադրել մի իրականություն, որը վտանգի տակ կդնի Իսրայել պետությունը», – ասել է Նեթանյահուն։

Սպիտակ տունն արձագանքել է այս հայտարարություններին։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի դադարի աշխատել «երկու պետությունների ստեղծման» միջոցով լուծում գտնելու վրա, ինչը բխում է ինչպես Իսրայելի լավագույն շահերից, այնպես էլ՝ պաղեստինցի ժողովրդի։

Պաղեստինաիսրայելական հակամարտությունը սրվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, երբ Իսրայելում շուրջ 1200 մարդ զոհվեց, 240 մարդ՝ գերեվարվեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս