Կարմիր խաչի ներկայացուցիչներն այս տարի դեռևս չեն այցելել Բաքվում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած պատերազմից հետո, երբ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգի տակ արցախահայությունը բռնի տեղահանվեց իր բնօրրանից, որոշ արցախահայեր մնացին Ստեփանակերտում։

Նրանցից շատերը ծեր էին, հաշմանդամություն ունեցող, իսկ որոշները պարզապես նախընտրեցին մահանալ իրենց հողում, քան բռնել գաղթի ճանապարհը։ Սեպտեմբերի 19-ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները շաբաթներ շարունակ շրջում էին Արցախում, փորձում գտնել այնտեղ մնացած հայերին, օգնություն ցուցաբերել, իսկ որոշներին, որոնք ցանկանում էին գալ Հայաստան՝ տեղափոխել այստեղ։

168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ մինչև այսօր Կարմիր խաչի իր գործըներները շարունակում են մնալ Ստեփանակերտում։

«Ղարաբաղում ունենք թիմ, որն աշխատում է առ այսօր՝ աջակցելու այն մարդկանց, որոնք կարիք ունեն կամ որոշել են մնալ այնտեղ։ Մեր գործընկերները շարունակում են աջակցել այդ մարդկանց»,- նշեց Զառա Ամատունին։

Կարդացեք նաև

Հարցին՝ այս տարի Ստեփանակերտում մնացած հայերից որևէ մեկը Կարմիր խաչի միջոցով վերադարձե՞լ է Հայաստան, Զառան Ամատունին պատասխանեց, որ որևէ մեկը Հայաստան այս ընթացքում չի եկել։

Խոսելով Արցախում մնացած մարդկանց թվի մասին, Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր խաչն այնտեղ մնացած մարդկանց թվի վերաբերյալ տվյալներ չունի, քանի որ չի անցկացրել մարդահամար։

«Ունենք երկու տասնյակից ավելի անձանց տվյալներ, որոնց հետ մեր աշխատակիցները տեսակցում են, և որոնց հայտնաբերել ենք իրենց հարազատների խնդրանքով։ Այդ անձինք, ունենալով որոշակի կարիքներ, առ այսօր շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում, օգնում ենք կապը պահել իրենց հարազատների հետ»,- տեղեկացրեց Զ. Ամատունին։

Ինչ վերաբերում է Բաքվում պահվող գերիներին, մասնավորապես՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Կարմիր խաչի կողմից այցելելուն, Զառա Ամատունին փոխանցեց, որ այս տարի նրանց դեռևս չեն այցելել, վերջին անգամ այցելել են նախորդ տարվա դեկտեմբերին։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է  մնալ ադրբեջանական գերության մեջ. Արցախի նախկին երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը, նախկին պետնախարարն ու արտգործնախարարը, ԱԺ ներկայիս նախագահը։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները տարբեր միջազգային հարթակներում իրենց ելույթների ժամանակ որևէ խոսք չեն ասում այս մարդկանց, ինչպես նաև այն հարյուրավոր քաղաքացիների մասին, որոնք 44-օրյա պատերազմից հետո գտնվում են ադրբեջանական բանտերում։

Տեսանյութեր

Լրահոս