Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները պատանդներ են. Ալիևի գործողությունների գինը պետք է բարձրացնել. Արտակ Բեգլարյան

168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը խոսելով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու քայլերի մասին, ասաց, որ նրանք իրականում պատանդներ են։

«Ոմանք կարող են մեկնաբանել՝ որպես քաղաքական բանտարկյալներ, բայց ըստ էության նրանք քաղաքական պատանդներ են։ Նրանց վերադարձը հայրենիք պետք է ապահովել քաղաքական գործիքակազմով, իրավական գործիքակազմերը զուտ միջոց են նրանց ֆիզիկական պաշտպանության համար և որոշ չափով սպասարկում են քաղաքական օրակարգին։ Քաղաքական մասով կրկին գլխավոր բանակցողը և գլխավոր դերակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Առանց Հայաստանի գործուն ակտիվության, ճնշման սատարման՝ և՛ իրավական, և՛ քաղաքական գործիքակազմերով, ես չեմ հավատում, որ իրենք վերադառնալու են»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։

Նա վստահ է, որ Ալիևը պատանդներին պահելու է՝ առավելագույնս «օգտագործելու» և՛ ներքին նպատակների, և՛ Հայաստանի հետ հարաբերություններում մաքսիմալը պոկելու համար։

«Երբ պատանդներն իրենց «դերը» կատարած լինեն, և Ալիևը մեծ բան չունենա ստանալու և, այսպես ասած՝ հիմնական ու ակնկալած արդյունքները ստացած լինի, այդ ժամանակ գուցե «բարի կամք» կդրսևորի և կվերադարձնի կա՛մ բոլորին, կա՛մ մի մասին։ Այստեղ շատ կարևոր է միջազգային ճնշումը, այսինքն՝ Ալիևի գործողությունների գինը պետք է բարձրացնել, նա միայն այդպես է հասկանում։ Որևէ արժեհամակարգային, դրական կողմ ինքը չունի, շատ ռացիոնալ պետք է իր գործողությունների կամ անգործունեության գինը բարձրացնել, իսկ դա պետք է անի Հայաստանը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց, որ ամերիկյան կողմը, որը ողջունել էր համաներման վերաբերյալ մայիսի 28-ի Ալիևի հայտարարությունը, մեծ անելիք ունի։ Իսկ ամերիկյան կողմից Հայաստանը պետք է կոնկրետ գործողություններ պահանջի։

«Ռուսական կողմը ևս մեծ անելիք ունի, որովհետև իրենց բացթողման և ձախողման հետևանքով էլ է, որ մեր քաղաքացիները պատանդառվել են։ Այս տեսանկյունից Հայաստանը փակ և հրապարակային անելիքներ ունի։ Չեմ կարող ասել, թե փակ ինչ է արվում, հրապարակային կերպով այդ ակտիվությունը չի երևում, տեսանելի չէ։ Միայն տեսանելի է, որ դատական հայցերում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացրել է նման պահանջներ մեր պատանդների համար։ Դրանից ավելին, այո՛, տեսանելի չէ»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս