Միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները դեմ են կառավարության որոշմանը՝ ՈւՂԻՂ
Շաբաթներ առաջ աշխատանքից ազատման հրամաններ ստացած տասնյակ ուսուցիչներ այսօր հավաքվել էին Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության մոտ՝ անհամաձայնություն հայտնելով իրենց աշխատանքից ազատելու նախարարության որոշման առնչությամբ և պահանջում էին հանդիպում նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Ուսուցիչների այս խումբը միջին մասնագիտական կրթություն ունեցողներն են:
Նախարարությունից պարզաբանում են՝ ըստ օրենքի, դպրոցներում արդեն պետք է միայն բարձրագույն կրթության դիպլոմով դասավանդել, սակայն նշում են՝ որպես հերթական հնարավորություն՝ ուսուցիչների այդ հատվածին առաջարկել են մասնակցել կամավոր ատեստավորման, որը հաղթահարելու դեպքում կպահպանեին նրանց աշխատատեղը:
Բողոքի ակցիային մասնակցող ուսուցիչներից շատերն արձանագրում են, սակայն՝ մեկ միավորով, օրինակ, չեն հաղթահարել թեստը, իսկ նախարարությունը նրանց չի ընդառաջել՝ զրկելով նոր ատեստավորման մասնակցելու հնարավորությունից, ինչից կարող էին օգտվել բուհ ավարտածները:
«Ավարտել եմ Ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումը, 1982 թվականից աշխատում եմ նույն դպրոցում: Ճիշտ է, մեզ 2014 թվականից հնարավորություն տրվել է բարձրագույն ավարտելու՝ հաշվի չառնելով, որ դպրոցներում աշակերտների թիվը պակասում է, ու մենք այնքան ժամեր չունեինք, որ դրա համար վճար մուծեինք ու բարձրագույն ավարտեինք:
Երկու-երեք անգամ անցել ենք պարտադիր ատեստավորում, հավաքել ենք կրեդիտը, անցողիկ շեմն անցել ենք, դասալսումներ եղել են, մեզնից դժգոհ չեն եղել,- լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց Ձորի մարզից մանկավարժ Երանուհի Ալավերդյանը և հավելեց,- Մեր 40-42 տարվա վաստակն իրենք մի գրչի հարվածով հավասարեցրին հողին»:
Բողոքող ուսուցիչներից երեքին, ի վերջո, ընդունեց նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ուսուցիչներն ասացին, որ նախարարը խոստացել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել բարձրագույն կրթություն ստանալու կամ, ցանկության դեպքում, այլ աշխատանքի տեղավորվելու հարցում։
«Եթե մեր հարցին լուծում չլինի, նորից կգանք»,- վստահեցրեց Գեղարքունիքի մարզից Գոհար Թադևոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում