Ո՞ւր ես հայ պետական գործիչ. մի՞թե լսելի չեն քո իսկ հոգու ծննդավայր Հայոց եկեղեցու կոչեր. Ասողիկ աբեղա Կարապետյան

Ասողիկ աբեղա Կարապետյանըֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Սբ Ծննդյան տոնին՝ խոհեր Սբ Էջմիածնի Մայր Տաճարի առջև

Ի՞նչ է արել և անում Հայոց Եկեղեցին…

Ողջ Հայոց պատմության ընթացքում արել է անզուգականը՝ Արարիչ Աստծուն, Մարդեղացյալ Աստվածորդուն, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին է իջեցրել Հայոց աշխարհ՝ Արարատյան դաշտ, Վաղարշապատ մայրաքաղաք: Եվ Ինքն Աստված Իր փառավոր էջքով հիմնել է Իր Սուրբ Տաճարը:

Հայոց Եկեղեցու սուրբ աղոթքներով և կենդանի նահատակությամբ է, որ Ամենակալ Աստված եկել և նորեն հպվել է Հայոց հողին: Տրվել է հայոց գիրը, դրվել է ազգային դպրության հիմքը, մղվել է ազգային ինքնության սուրբ մարտը…

Եվ այդ օրերից ի վեր Հայոց Եկեղեցին՝ ի դեմս իր լուսավոր հոգևոր սպասավորների, ապրել, տքնել և նահատակվել է վասն հայոց ազգի, վասն հայոց երկրի և վասն հայոց տերության:

Սբ Տրդատ արքա և Սբ Գրիգոր Լուսավորիչ, երանելի Վռամշապուհ արքա և Սբ Սահակ-Սբ Մեսրոպ, Սբ Վարդան սպարապետ և Սբ Հովսեփ-Սբ Ղևոնդ… բազում են այրերը հայոց ԼՈՒՍՈ կանթեղի՝ ազգապահ փաղանգի:

Հայոց Եկեղեցին և եկեղեցականը սիրել են, պահել են, շենացրել են Մայր Հայրենիքը, կրթել են, դաստիարակել են ու լուսավորել են հայկազուններին՝ ջամբելով ամենայն գիտություն: Եվ սիրո քարոզչությամբ՝ ամուր են պահել միջնաբերդը Հայոց պետության: Իսկ ի հարկին, այդ սիրո քարոզը, օտարի՝ հայոց թշնամյաց համար դարձրել են հրեղեն սուր, որպեսզի հայ զորականը խորտակի ուժերն ու զենքերը չար ոսոխների:

Արել է և անում է այս սուրբ գործը Եկեղեցին Հայկական՝ ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի:

Եվ այսօր էլ նույն առաքելությամբ է գործում մեր միակ, մեր հրաշափառ Սուրբ Եկեղեցին:

Ոչ ոք, լսի՛ր, հայ մարդ, ոչ ոք Ազգային Եկեղեցուց զատ գիշեր և զօր չի՛ մտահոգվում քո փրկությամբ, քո բարօրությամբ… Անցնող տարիները ցույց տվեցին և փաստեցին, որ ունայն են բոլոր գործիչներն ու իրենց միավորումները…

Ծանր այս օրերին Հայոց Եկեղեցին է, որ անծախ խոսում և գործում է ի շահ հայոց ազգիդ և հայոց պետությանդ:

Որքա՜ն սքանչելի կլիներ, եթե այս ծանրագույն, օրհասական օրերին, ինչպես անցյալում Սբ Սահակ Հայրապետը և Սբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը, ովքեր խորապես մտահոգ հայ ինքնության պահպանմամբ, իրենց համախոհ և աջակից գտան Հայոց Վռամշապուհ Մեծ արքային… Եվ Հայոց տերությունն ու Սբ Եկեղեցին՝ համախոհ և միասնական անսասան պահեցին ու առավելս ամրապինդ դարձրին հիմերը հայ ինքնության:

Եվ ո՞ւր է այսօր այս համախոհությունը և միասնականությունը Հայոց պետության և Սբ Եկեղեցու. չկա՛, ազգային լրջագույն խնդիրների առջև միայնակ է Հայոց Եկեղեցին:

Ո՞ւր ես, Հայոց պետություն, հայ պետական գործիչ… Մի՞թե լսելի չեն քեզ քո իսկ հոգու ծննդավայր Հայոց Եկեղեցու խոսքերը, կոչերը, տեսանելի չեն նրա գործերը, զգալի չեն նրա ծանր ցավն ու ապրումները…

Հայոց պետություն, բա՛վ է արդեն այս մանկամիտ խռովքդ և ազգավնաս խոտորնակությունդ:

Տիրոջ Սբ Սեղանի առջև գալու և սիրո սուրբ ողջույն տալու հրավերն է հնչում Սբ Ծննդյան մսուրից. մի՛ նմանվիր մանկասպան Հերովդեսին, այլ եղիր ինչպես Արևելքի իմաստուն մոգերը:

Հայոց Եկեղեցին երեկ, այսօր և հավիտյան առհավատչյան է հայ ինքնության, հայոց պետականության և պետության պահպանման, քանզի հիմքը հայոց ազգի գոյության և հարատևության՝ հայության հոգևոր անկախությունն ու ինքնիշխանությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս