Բացահայտվել է տղամարդկանց կյանքի ավելի կարճ տևողության պատճառը
Տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը զգալիորեն ավելի կարճ է, քան կանանցը, այդ թվում՝ կապված ճարպերի կուտակման առանձնահատկությունների հետ. տղամարդկանց մոտ այն կուտակվում է օրգանների շուրջ՝ վերածվելով ներքին օրգանների ճարպի, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Բժիշկ, պրոֆեսոր Օլգա Շարապովան է խոսել այս թեմայի շուրջ։
Ամբողջ աշխարհում կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Հնարավոր պատճառները ներառում են ինչպես կենսաբանական, այնպես էլ վարքային տարբերություններ, ասել է բժիշկը:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ, միջին հաշվով, ավելի հակված են անխոհեմ վարքագծին. նրանք ավելի շատ են չարաշահում ալկոհոլը և ծխախոտը, ուժի կիրառմամբ լուծում են կոնֆլիկտները այլ տղամարդկանց հետ»,- ըստ shantnews-ի՝ ասել է մասնագետը:
Բացի այդ, ըստ Շարապովայի, տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք, սրտանոթային հիվանդություններով:
Սա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է օրգանիզմում ճարպի պահպանման ձևերի տարբերությամբ:
«Կանանց օրգանիզմը, էստրոգենի հորմոնի բարձր մակարդակի պատճառով, ավելի շատ ճարպ է կուտակում մաշկի տակ, իսկ տղամարդիկ ավելի շատ ճարպ են կուտակում իրենց օրգանների շուրջ: Ներքին օրգանների ճարպի բարձր մակարդակը սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոն է»,-բացատրել է բժիշկը։
Սակայն, ինչպես ընդգծել է Շարապովան, տղամարդիկ կարող են զգալիորեն նվազեցնել կյանքի միջին տեւողության տարբերությունը՝ պատասխանատվություն ստանձնելով իրենց առողջության համար։
Ստանդարտ բժշկական զննումը, ըստ բժշկի, հնարավորություն է տալիս հայտնաբերել պոտենցիալ մահացու հիվանդությունները վաղ փուլում, երբ բուժումն առավել արդյունավետ է: