Դժվար է լինելու ապացուցել, որ բլոգերները հրապարակումների համար գումար են վերցրել. փորձագետ. Sputnik Արեմնիա
Հարկման նպատակով ապացուցելը, որ սոցիալական ցանցերում գումարով գովազդ անող բլոգերներն իրենց ամեն հրապարակման համար գումար են վերցրնում, պատկան մարմինների համար շատ դժվար գործ է լինելու։ Այս մասին Sputnik Արեմնիայի հետ զրույցում ասաց բլոգեր Կամո Թովմասյանը` անդրադառնալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, թե հարկային դաշտից խուսափող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել։
«Ես իմ ընկերությունը գրանցել եմ 2014 թ–ից և այդ ժամանակվանից հարկվում եմ, բայց, օրինակ, ես ամեն ինստագրամյան սթորիի համար, ամեն ֆեյսբուքյան հրապարակման համար գումար չեմ վերցնում։ Գուցե իմ ընկերը, օրինակ, ինչ որ ռեստորան է բացում, ես էլ ուզում եմ նրան նվեր անել ու անվճար լուսաբանել, դա բնական է։ Դա տեխնիկական հարց է, ու պետք է դա ապացուցել»,– նշեց բլոգերը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը համակարծիք է, որ վերահսկողության մեխանիզմները կյանքի կոչելը դժվար է լինելու, բայց որ դա արդարացի որոշում է` խոսք չկա։
«Դա կոմերցիոն գործունեություն է ու կապ չունի` մարդ տաքսի է քշում, թե գովազդ է տեղադրում իր սոցիալական ցանցի էջում։ Ոչ մի տարբերություն, մեծ հաշվով, չկա»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 4–ին ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, և որ ցանկացած եկամուտ ենթակա է հարկման։
Նա հիշեցրել է, որ 2023-ին բազմաթիվ դեպքեր են գրանցվել երբ մարդիկ իրենց սոցիալական ցանցի էջում գովազդներ են տեղադրել և չեն հարկվել, նաև դեպքեր են եղել, որ առցանց իրեր են վաճառել, բայց հարկային դաշտից դուրս են մնացել։