Բաժիններ՝

«Այդ տոննաներով կոկաինն ի՞նչ եղավ, ինչո՞ւ դա բացահայտ չոչնչացրին. վիճակն ավելի է վատանալու, եթե սրանց չվռնդենք». Գագիկ Համբարձումյան

Հայաստանում 2023 թվականը հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի: Սա արդեն իսկ բացասական ցուցիչ է, որ վերջին տարիներին թմրաշրջանառության ցուցանիշներն ահագնանում են:

Թմրանյութերը սկսել են տարածվել ոչ միայն փողոցների մութ անկյուններում, այլև գրեթե բացահայտ շրջանառվում են արդեն Հայաստանի դպրոցներում՝ անչափահասների շրջանում:

Իրավիճակը պաշտոնապես հրապարակված փաստերով ներկայացնենք՝ ըստ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի՝ 2023 թվականի միայն հունվար-մարտ ամիսներին թմրամիջոցների սապօրինի շրջանառության 324 դեպք է արձանագրվել մեր երկրում:

«ՆԳՆ ոստիկանությունը բավականաչափ աշխատանքներ է կատարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև օրս արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը` իրացման, ևս 150-ը` պահելու։ Այս թմրամիջոցներից մոտ 45-ը սինթետիկ նյութեր են եղել։ Պատկերը մտահոգիչ է, վստահ եմ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները մեծ են»,- ավելի վաղ ասել էր Վահե Ղազարյանը։

Կարդացեք նաև

ՀՀ նախկին փոխոստիկանապես Գագիկ Համբարձումյանը 168.amի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ երկրում ապօրինի թմրաշրջանառության ահագնացող դեպքերը բնավ էլ դրանց դեմ արդյունավետ պայքարի ու բացահայտման արդյունք չեն:

«Հիմա ընդհանրապես հանցավորության դեմ տարվող պայքարը մղված է հետին պլան: Այդ հանցագործության բացահայտմամբ զբաղվող բոլոր ստորաբաժանումները զբաղված են միայն հանցավոր կլանի ընտանիքի անդամների պաշտպանությամբ: Հանցագործության բացահայտման քանակն արդեն ցուցանիշ չէ»,- համոզմունք հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետը:

Ընդհակառակը, ըստ Համբարձումյանի, թմրանյութերի ահագնացող շրջանառության ականատես են դառնում հենց այս իշխանությունների՝ երկրի ղեկին կանգնելուց հետո: Իսկ այս իշխանության գործողությունները, նրա խոսքով, շատ պարզ ու նպատակաուղղված քայլերով զարգացնում են թմրամոլությունը երկրում:

«Եթե ժողովրդի մի հատվածի այս դեգրադացված վիճակին գումարեք այս թմրամոլության մեծ տեմպով աճն ու նրանց քանակը, ստացվում է հեշտ կառավարելի վիճակ: Արևմտյան աշխարհը Ձեզ օրինակ: Բացի այդ, պատկերացրեք, թե այդպիսով ինչ մեծ փողեր են աշխատում»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ստացվում է, որ հենց սրանք էին այն «արևմտյան արժեքները», որ խոստացվում էր ներկա իշխանությունների՝ «ապագա կա» կարգախոսով՝ Գագիկ Համբարձումյանը հաստատեց՝ հավելելով, որ իշխանությունների այդ «ապագան» արդեն իսկ եկել է:

«Ապագան արդեն հասել է: Արևմտյան այլասերվածության ու լկտիության արմատացում, «մարդու իրավունքների» անվան տակ մնացած բոլոր կեղտոտ հարաբերությունների ներմուծում ու սերմանում՝ առողջ հասարակության մեջ, դրանով այդ հասարակության պղծում: Դա արդեն գլոբալ ծրագրի մի հատվածն է կազմում»,- համոզմունք հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետը:

Իսկ առկա իրավիճակի դեմ պայքարի համար Համբարձումյանը միայն մեկ ճանապարհ է տեսնում.

«Դրա համար կա միայն մեկ արդյունավետ ու գործուն միջոց՝ հնարավորինս շուտ վռնդել, քացով քամակներին տալով՝ վռնդել սրանց: Ուրիշ հնարավոր ձև չկա: Այս երկիր ներմուծված ամեն վատը շանս ունի շտկվելու միայն սրանց վռնդելուց հետո: Ուրիշ որևէ շանս չկա: Գնալով ավելի է վատանալու: Ավելի լկտի ձևով են անելու, եթե հիմա դեմը չառնենք: Տեսեք, այդ օղակներից կարևորներից մեկը՝ քաղաքապետարանը: Չէ՞ որ հայտարարում էին, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Այդ կարմիր գծերը քանի՞ անգամ, 100 անգամ ավելի թանկացրին, իսկ հանրությունը լուռ է, չի արձագանքում: Դրա համար էլ ինչ ուզում՝ անում են: Վաղը նորից կավելացնեն, քանի դեռ դիմադրության չեն հանդիպում: Մտավորականությունը լրիվ կորցրել է արժեքները, իսկ արժեքներ կրող հասարակ խավը լրիվ դարձել է անտարբեր: Իրենք դա շատ լավ զգում են ու օգտվում են դրանից»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԱԾ–ն հայտնել էր, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին՝ մոտ 250 միլիոն եվրո արժողությամբ:

Դրանից հետո Փաշինյանն ԱԺ-ում հայտնեց, որ կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերություն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր է (Միհրան Պողոսյանը.- Ն.Ս.): Վերջինս էլ իր հերթին արձագանքեց՝ հայտարարելով, թե ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ բանանի կոնտեյների մեջ կոկաին է եղել։

«Այդ տոննաներով կոկաինն ի՞նչ եղավ: Արդեն քննությունը պետք է լինի: Եվ դրա ոչնչացումը թող լրատվամիջոցների մասնակցությամբ իրականացնեն, ոչ թե արձանագրություն կազմեն, թե ոչնչացրել են, բայց իրենք դա ռեալիզացնեն»,- ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը:

Տեղեկացնենք, որ այդ գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս