Ռևանշը վատ չէ. նշանակում է՝ նոր հաջողության հասնել. ադրբեջանցիներին կարելի էր, մեզ՝ չէ՞. ՀՀ երրորդ նախագահ
«Ես ամեն ինչ անելու եմ»,- այս մասին այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ի՞նչ է անելու, որպեսզի Հայաստանում որևէ բան փոխվի, քանի որ մշտապես հայտարարում է, որ փոփոխությունների համար պետք է բանակցողը փոխվի։
«Ում պետք է, օգնում եմ, մենք բոլորս՝ ամբողջ կուսակցությունով, չի եղել նույնիսկ մի փոքր շարժում, որին չմասնակցենք, որին մաս չկազմենք։
Ինչ վերաբերում է նախաձեռնություններին, ապա տեսնենք, եթե այդպես լրագրողներով հավաքվեք ու որոշեք, որ կարող եմ նախաձեռնել, ապա կնախաձեռնեմ»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Ալիևի պահանջներին, որ՝ «խաղաղության պայմանագրում պետք է ամրագրում լինի այն մասին, որ ռևանշ չպետք է լինի հայկական կողմից», Սերժ Սարգսյանը նախ ասաց, որ բացարձակ ճշմարտություն չի ընդունում այն տեղեկատվությունը, թե ինչ է գրված այդ պայմանագիր կոչվածում։
«Բայց այդ «ռևանշ» ասվածը, որ շատ է օգտագործվում հասարակության մեջ, մի քիչ տարակուսում եմ… Այսինքն՝ «ռևանշ» ասելով՝ որևէ վատ բա՞ն եք հասկանում։ Երկար ժամանակ է, որ ես զբաղվում եմ շախմատով, շախմատի աշխարհում եմ, և գիտեք՝ քանի անգամ է եղել, որ աշխարհի չեմպիոնության համար ասել են՝ մատչ-ռևանշ։ Մի՞թե այդ մարդիկ խելացի չեն, կյանքից որևէ բան չեն հասկանում։ «Ռևանշ»՝ նշանակում է նոր հաջողության հասնելը, ուրիշ բան, երբ կա փիլիսոփայական տերմին՝ «ռևանշիստներ», բայց չգիտեմ, թե որքանով է այդ տերմինը գիտական և որքանով է հնարված այն մարդկանց կողմից, ովքեր ինչ-որ բանի հասել են և ուզում են դրա վրա մնալ ու ուրիշին ոչինչ չտալ։ Ես ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում։ Այսինքն՝ ադրբեջանցիների համար սա ռևա՞նշ էր, եթե այդպես է, ուրեմն՝ իրենց կարելի է, մեզ չի՞ կարելի։ Մի՞թե մենք հասել ենք այն աստիճանի, որ իրենց ամեն ինչ կարելի է, մեզ ոչինչ չի կարելի։ Արդյո՞ք սա ճիշտ դիրքորոշում է, արդյո՞ք այսպես կարելի է ապրել, երբ դու ոչնչի իրավունք չունես, իսկ ուրիշներն իրավունք ունեն»,- ընդգծեց Երրորդ նախագահը։
168.am-ի դիտարկմանը, որ Ադրբեջանը ռևանշիստ ասելով՝ նկատի ունի ՀՀ ընդդիմությանը և սփյուռքի ակտիվ գործիչներին, և հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը Երրորդ նախագահից վախեր ունի, Սերժ Սարգսյանը նկատեց՝ այստեղ մեկնաբանելու բան չկա։
«Չեմ կարծում, որ հիմա ես ինձանից այնպիսի ուժ եմ ներկայացնում, որ ադրբեջանցիներն ինձանից վախենան։ Ուրախ եմ, որ դուք այդպես եք կարծում, շնորհակալ եմ կոմպլիմենտի համար»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում