Ինքը պայծառատես չէ, որ ենթադրություններ անի. սուտ է ասում, գոյություն ունեն փաստաթղթեր. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։
Լրագրողները Սերժ Սարգսյանին հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում հնչեցրած մի քանի մտքերի վերաբերյալ։
Օրինակ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «արցախյան բանակցային գործընթացի որևէ փաթեթով նախատեսված չէր Արցախի հարցի լուծում, միակ լուծումը եղել է Մեղրիի փոխանակման փաթեթը»։ Ավելին՝ «2016 թվականից հետո ի հայտ էր եկել նաև մեկ այլ փաստաթուղթ, որով ոչ միայն տարածքների հանձնման հարցն էր օրակարգում, այլև պետական կարգի լուծարման հարցն էր դրված»։
Այս ամենին Սերժ Սարգսյանի արձագանքը կտրուկ էր՝ «ստում է»։
«Ինքը պայծառատես չէ, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին։ Մենք շատ հստակ ասել ենք, որ ունենք բոլոր փաստաթղթերը։ Թող ինքը ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել, և թող ասի, որ՝ այ, սրանով փակվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
Նորից եմ ասում՝ ինքը պայծառատե՞ս է, որ նման ենթադրություններ է անում։ Գոյություն ունեն փաստաթղթեր, նախագծեր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում է ազատ կամարտահայտությամբ, թող ասի, որ նման բան չի եղել։
Մենք ինչ ասում ենք՝ փաստարկում ենք եղած թղթերով, փաստաթղթերով»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր նաև ՄԱԿ փաստաթղթի մասին, որը ենթադրում է Արցախի կարգավիճակի զրոյացում, կա՞ նման փաստաթուղթ, Երրորդ նախագահը պատասխանեց, որ նման փաստաթուղթ չկա։
«Ես հավաստիացնում եմ և ոչ միայն խոսքերով եմ հավաստիացնում՝ կան բոլոր փաստաթղթերն առ այն, որ Կազանից հետո որևէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում, որ Կազանից հետո միշտ, անկախ նրանից, թե ձևակերպումներն ինչպիսին էին եղել, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ։ Փոփոխություն ենթադրում էր, բայց այդ փոփոխություններն էական բաներ չէին փոխում։ Լեռնային Ղարաբաղը հնարավորություն էր ունենում իր ընտրված մարմիններով, նշանակված կառույցներով կառավարել Լեռնային Ղարաբաղում»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում