Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյան
Այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարձագանքի իրեն ուղղված այն մեղադրանքներին, որ այսօր Հայաստանի համար ստեղծված այս ծանրագույն իրավիճակում լռում է։
Պատասխանելով հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց.
«Կարծում եմ՝ արդար չէ ինձ մեղադրել լռելու մեջ։ Այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգությունից հետո սա 5-րդ հանդիպումն է ձեզ հետ։ Եվ այդ շփումների ընթացքում ես պատրաստ եմ եղել պատասխանելու ձեր ցանկացած հարցի։ Եթե ինչ-որ հարցեր ինձ չեք ուղղել, դրանում ինձ մի մեղադրեք։ Բացի դրանից, ես քաղաքական ուժի ղեկավար եմ և ամեն Աստծո օր հանդիպում եմ բազմաթիվ մարդկանց հետ և հստակ արտահայտում իմ վերաբերմունքը, կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե հետևե՞լ է արդյոք վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ նա անդրադարձել էր Արցախի հիմնահարցի վերաբերյալ գործընթացներին և որտեղ մեղավորության սլաքները կրկին ուղղված էին իրեն՝ Սերժ Սարգսյանին։
Երրորդ նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ ելույթի մեջ, ինչպես միշտ՝ տեսել է բազմաթիվ ստեր ու կեղծիքներ։
«Բայց պետք է հստակ նշեմ մի կարևոր հանգամանք՝ Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։ Երբ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ էր Հայաստանի համար, ուղղակի չհասկացա, ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնե՞րը, որոնք հինգ անգամ գրավոր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։ Ո՞ր երկրի մասին էր խոսում, ո՞ւմ մասին էր խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի գլխին, գուցե այն երկրի, որը մեզ միլիարդներով անվճար և զեղչերով սպառազինություն է մատակարարել, ինչն ամբողջությամբ ինքը հանձնել է Ադրբեջանին։ Բայց գոնե բոլորս հասկացանք, որ միակ ճիշտ բանը, որ ասաց, այն է՝ ինքը գիտակցաբար է զոհաբերել Ղարաբաղը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում