2024-ը կլինի որոշիչ նոր աշխարհակարգի ձևավորման հարցում. Ղազինյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Արթուր Ղազինյանի համար Արցախի էջը փակված չէ. նա պնդում է՝ Արցախի հայ բնակչությունը ժամանակավորապես է հեռացել իր հայրենիքից և ինչ-որ պահի անպայման պետք է վերադառնա Արցախ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արթուր Ղազինյանը շարունակեց հնչեցրած միտքը՝ պարզաբանելով.
«Աշխարհում ընթացող զարգացումների համատեքստում պետք է նաև տեղավորել Արցախի շուրջ զարգացումները՝ հասկանալ՝ միաբևեռ աշխարհակարգը փոխվում է երկբևեռի։ Արցախն այդ պարագայում դարձավ թրիգեր՝ աշխարհաքաղաքական նոր զարգացումների»։
Ղազինյանի դիտարկմամբ՝ միջազգային հարաբերությունների նոր ձևավորվող համակարգում կլինի ընդամենը երկու բևեռ՝ ԱՄՆ և Չինաստան. հստակ կդրվի նաև բաժանումը՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի, լիբերալիզմի թե ավանդապաշտության միջև, ուստի յուրաքանչյուր պետություն պետք է ինքը որոշի, թե որ կողմում է ցանկանում հայտնվել։
«Հայաստանը հայտնվել է ժողովրդավարության և ավտորիտարիզմի հատման կետում. պետք է որոշում կայացնենք՝ մեզ չհակադրելով որևէ այլ երկրի շահի հետ։ Մենք պետք է գնանք շահերի համադրման սկզբունքով՝ հնարավորինս շատ բան ստանալու համար»,- ասաց Ղազինյանը։
Նրա մեկնաբանությամբ՝ վերջին մեկուկես տարվա զարգացումները գալիս են փաստելու, որ նոր ձևավորվող աշխարհակարգում հնարավոր է ունենալ մի վիճակ, որ Ռուսաստանի այլընտրանքը Հայաստանի դեպքում դառնա ոչ թե Թուրքիան, այլ Ֆրանսիա-Կիպրոս-Հունաստան եռանկյունին, որը կլինի Թուրքիային զսպող հակաթուրքական օղակ։
«2024-ը կլինի որոշիչ՝ նոր աշխարհակարգի ձևավորման հարցում։ Իմ կարծիքով, Արևմուտքի աչքերով Հայաստանը դիտարկվում է՝ որպես հենց այդ օղակի մասնիկ։ Խոշոր հաշվով, եթե չհասկանանք, թե Հայաստանի դերն այս նոր ձևավորվող աշխարհակարգում որն է, կարող է ստացվել այնպես, որ անվտանգային համակարգը դիվերսիֆիկացնելու փոխարեն՝ շատ ավելի վատ վիճակում հայտնվենք։ Այս իշխանություններն ընկալո՞ւմ են արդյոք Հայաստանի դերը նոր աշխարհակարգում, ես կարծում եմ, որ նման պատկերացում անգամ չունեն։ Օրինակ, տեսնում եմ, որ Չինաստանի հետ չկան խորացված հարաբերություններ, մինչդեռ Չինաստանը Հարավային Կովկասում ունի մեծ շահեր»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։