Փաշինյանի շռայլ նվերը՝ իրեն պահող ՊՊԾ-ականներին

Դեռևս անցյալ տարի Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացվեց Պետական պահպանության ծառայությունը և դրվեց Փաշինյանի ուղիղ ենթակայության տակ։

Ըստ այդ որոշման՝ Փաշինյանի ենթակայությանը ՊՊԾ-ն հանձնելը պայմանավորված էր նրանով, որ պետական պահպանության ծառայությունն ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու կարիք ունի, ուստի հրամայական է այն ուղիղ Փաշինյանի ենթակայությանը դասելը։

Ուղիղ Փաշինյանի վերահսկողությանն անցնելուց հետո Պետական պահպանության ծառայության ծառայողների համար ստեղծվեցին խիստ բարենպաստ պայմաններ։

Նախ աննախադեպ ծավալների հասավ նրանց աշխատավարձի և պարգևատրման ֆոնդը, և դա էլ բավարար չէ, հիմա էլ որոշել են, որ ՊՊԾ ծառայողները պետք է օգտվեն այն նույն արտոնությունից, որը սահմանված է առանց այդ էլ ցածր աշխատավարձ ստացող զինվորականների համար։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն իր ու իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար որոշել է հերթական անգամ խրախուսել ՊՊԾ ծառայողներին՝ նրանց նաև տալով արտոնյալ վարկերով բնակարան գնելու հնարավորություն. Այսինքն՝ արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ տրամադրել այնպես, ինչպես տրամադրվում է հայ-ադրբեջանական սահմանին կանգնած հայ զինվորին։

Ստացվում է՝ Երևանի կենտրոնում՝ ասֆալտի վրա, Փաշինյանի անվտանգությունն ապահովող և հայ-ադրբեջանական սահմանին կանգնած հայ զինվորը նույնականացվում են՝ իրականացնում նույն ծանրաբեռնվածությամբ աշխատանք, դրա համար որոշվել է, որ արտոնությունը, որը տրվել է հայ զինվորին, պետք է տրվի նաև ՊՊԾ-ականներին։

Հիշեցնենք, որ պայմանագրային զինվորների և բանակի սպայական կազմի համար մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու նախագիծն ընդունվել էր ավելի վաղ՝ խթանելու համար առանց այն էլ ցածր աշխատավարձ ստացող զինվորականներին՝ նրանց բնակարանային կարիքները հոգալու համար, և անհասկանալի է, թե ինչո՞ւ  է առանց այդ էլ բարձր աշխատավարձ+պարգևավճար ստացող ՊՊԾ ծառայողներին ևս նման հնարավորություն տրվում։

Ընդգծենք, որ բյուջեի հաշվին հիփոթեքային վարկավորման ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնելով՝ ՀՀ Կառավարությունը ստեղծում է նախադեպ ուժային այլ կառույցների, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ևս նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, ինչը նույնպես էական բեռ է դառնալու ՀՀ պետական բյուջեի վրա:

Հավելենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը դեմ է արտահայտվել ՊՊԾ ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ տրամադրելու այս որոշմանը, սակայն Կառավարությունը մնացել է անդրդվելի, և որոշումն ընդունվել է և 20 ՊՊԾ ծառայողի արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու համար բյուջեից կհատկացվի 76 միլիոն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս