Հունաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որն օրինականացնում է 30 հազար անօրինական միգրանտների կացությունը
Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է երեք տարվա կացության վկայագրի և աշխատանքի թույլտվության տրամադրում երկրում ապրող մոտ 30 հազար անօրինական միգրանտների՝ փորձելով լուծել աշխատուժի պակասի խնդիրը տնտեսության որոշակի հատվածներում:
Կառավարությունը պարզաբանել է, որ դա սահմանափակ նախաձեռնություն է, որը վերաբերում է միայն 30 հազար մարդու, որոնք կաշխատեն գլխավորապես ցածր վարձատրվող պաշտոններում զբոսաշրջության ոլորտում և գյուղատնտեսական արտադրությունում, որտեղ հույներն իրենք աշխատել չեն ցանկանում։ Կառավարության օրինագծի քննադատները պնդում էին, թե դրա ընդունմամբ երկիրը սխալ ազդանշան է տալիս՝ խրախուսելով անօրինական միգրացիան։
Նոր օրենսդրության համաձայն՝ երեք տարվա կացության վկայագիր ունենալու իրավունք են ստանում այն անձինք, որոնք երկիր են մուտք են գործել անօրինականորեն, ապրել և աշխատել են Հունաստանում՝ չհայտարարագրելով իրենց զբաղվածությունն ու եկամուտներն առնվազն երեք տարվա ընթացքում` մինչև 2023 թ․ նոյեմբերի 30-ը, և ունեն գործատուից աշխատանքի առաջարկ Հունաստանում:
Կառավարության գնահատումներով` ԵՄ-ի կազմի մեջ չմտնող երկրներից ներկայումս Հունաստանում բնակվող մոտ 300 հազար չգրանցված միգրանտներից շուրջ 30 հազարը համապատասխանում է այդ չափանիշներին: Կառավարության հաշվարկների համաձայն՝ Հունաստանը կարիք ունի մոտ 80 հազար գյուղատնտեսական աշխատողի և մոտավորապես նույնքան էլ զբոսաշրջության ոլորտում: