Զախարովան մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ հույս հայտնելով, որ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Ռուսաստանում ակնկալում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնել դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն խորհրդի նիստին: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը կօգտվի ՌԴ նախագահի հրավերից և կժամանի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական հանդիպմանը: Այնտեղ, ըստ էության, կարելի է բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ ՌԴ դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բազմիցս արտահայտվել է և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ արտգործնախարարի կողմից:

«Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, մշտապես պատրաստ են լուծել ծագող բոլոր խնդիրները հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային ճանապարհով»,- եզրափակել է նա:

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ։ Վարչապետը հիշատակել էր ՌԴ նախագահի խոսքերն այն մասին, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է: Նա նաև հանդիմանել էր ՌԴ-ին, որ վերջինս Հայաստանին օգնություն չի ցուցաբերել 2021-2022թթ.ադրբեջանական մի քանի ագրեսիաների ընթացքում, և, ի վերջո, Երևանին այլ բան չէր մնում, քան Պրահայում ստորագրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչող հռչակագիրը։

Տեսանյութեր

Լրահոս