«Սիլ պլազայի» դեմ սկսված գործընթացից մեկ տարի անց. «Հրապարակ»

Մոտ մեկ տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը՝ պահանջելով 90-ականներին ձեւակերպված գործարքը եւ իրավահարաբերությունները չեղյալ ճանաչել։ Շենքն օտարվել է 90-ականներին, դեռեւս Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ: Արամի 3 հասցեի շենքը, որն իրականում կիսաքանդ շինություն էր, հատկացրել են Խաչատուր Սուքիասյանի հոր՝ «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։

Անշարժ գույքը 5 հազար 655 ԱՄՆ դոլարով է սեփականաշնորհվել, բայց նպատակը` հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատունը, չի կառուցվել, շենքը հիմնովին վերակառուցվելուց հետո դարձել է բիզնես կառույց, սակայն պահպանվել են թամանյանական ճարտարապետության բոլոր կանոնները։ Մեկ տարի առաջ Վարչական դատարանն արգելանք էր դրել «Սիլ պլազայի» վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել, մինչեւ վերջնական դատական ակտի կատարումը։ 

Իրավական գործընթացի մեկնարկից շուրջ մեկ տարի անց բոլորը մոռացել են այս գործընթացի մասին: «Հրապարակը» գրավոր հարցում է արել Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գործընթացը, հանվե՞լ է արգելանքը նշված գույքի վրայից, թե՞ ոչ։ Մենք նաեւ հարցրել էինք՝ արդյո՞ք դատախազությունը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի ունեցվածքը նույնպես ուսումնասիրում է` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության շրջանակներում, ինչպես արվում է մյուս գործարարների եւ նախկին պաշտոնյաների դեպքում։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սուքիասյանների ընտանիքին պատկանող գույքի վրա դրված կալանքը չի վերացվել։ «ՀՀ վարչական դատարանի 28․10․2022թ․ որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը՝ Երեւան քաղաքի Արամի 3 եւ 5 հասցեների անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելը ՀՀ կադաստրի կոմիտեին արգելելու մասին վերացված չէ»,- նշել են պատասխանում։

Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում ուսումնասիրություններ անելու հարցին, դատախազությունից պատասխանել են՝ ուսումնասիրություն սկսելու կոնկրետ հիմքեր են պետք, որոնց առկայությունն անհրաժեշտ է նման գործընթաց սկսելու համար։ «Սիլ պլազայի» գործով նախնական դատական նիստը նշանակված է 2024թ․ մայիսի 16-ին:

Տեսանյութեր

Լրահոս