«Բաքու են գալու ավելի շատ հյուրեր, քան հյուրանոցները կարող են տեղավորել». Ադրբեջանը պատրա՞ստ է հյուրընկալել COP29-ը. JAMnews
JAMnews. Հաջորդ տարի Ադրբեջանը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP29-ը։ Անգամ Հայաստանը հետ կանչեց իր թեկնածությունը՝ հօգուտ Ադրբեջանի։ Փոխարենը Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի թեկնածությանը:
Տնտեսական հարցերով փորձագետ Ֆարիդ Մեհրալիզադեի խոսքով՝ կլիմայական կոնֆերանսի նիստը կլինի Ադրբեջանում կազմակերպված ամենամեծ միջոցառումը երկրի անկախացումից ի վեր։ Փորձագետը նշել է, որ Բաքվի գոյություն ունեցող ենթակառուցվածքը լուրջ փորձության առաջ է կանգնելու։ Խոսքը, մասնավորապես հյուրանոցների և օդանավակայանի մասին է։
«2023 թվականի սկզբի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Բաքվի բոլոր հյուրանոցները կարող են միաժամանակ ընդունել ընդամենը 24 հազար մարդու։ Ամբողջ Ադրբեջանում այս ցուցանիշը կազմում է 56 հազար։ Ինչպես երևում է այս թվերից, COP29-ին մասնակցելու համար Բաքու են գալու ավելի շատ հյուրեր, քան հյուրանոցները կարող են տեղավորել ոչ միայն բուն մայրաքաղաքում, այլև ողջ երկրում: Կարելի է ենթադրել, որ այս նպատակով կառավարությունը կօգտագործի 2015 թվականի Եվրոպական խաղերի հյուրերի համար կառուցված «Օլիմպիական գյուղը»։
Բայց մեծ հարց է՝ արդյոք այնտեղ կան բավարար տեղեր։ Հետաքրքիր հարց է նաև այն, թե օդանավակայանը որքանով է պատրաստ մի քանի օրում այդքան մարդ ընդունելուն։ Այսինքն՝ արդեն պարզ է, որ եթե Բաքուն պատրաստվում է ընդունել հյուրերի այնպիսի քանակ, ինչպիսին գրանցվել է СОР-ի նախորդ համանման նիստերում, ապա մայրաքաղաքի լոգիստիկ հնարավորությունները պետք է լրջորեն ավելացվեն։
Մյուս կողմից, երբ Բաքվում տեղի են ունենում միջոցառումներ, որոնց մասնակցում են միայն մի քանի երկրներ, ամբողջ քաղաքի ճանապարհները փակվում են։ Երբ պատկերացնում եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ COP29-ի օրերին, մազերս ակամայից բիզ-բիզ են կանգնում»