Եթե մեր հայրենակիցները ԼՂ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան ՀՀ-ում․ Փաշինյան
Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ ընդունելություն:
Տարին ամփոփող խոսքով հանդես են եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձ է կատարվել անցնող ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերների հաղթահարման հարցում ՀՀ տեսլականին:
Իր խոսքում Փաշինյանը նշել է, որ 2023 թվականը մեծ մարտահրավերների տարի է, որոնցից առանցքայինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին, և դրա հետևանքով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը:
«Այս առումով, իհարկե, տեղի ունեցածը հետևանք էր մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս հրապարակային ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և ակնկալում էր միջազգային կոնկրետ գործողություններ, բայց պիտի արձանագրենք նաև, որ այդ գործողությունները մենք չտեսանք, ցավոք: Ըստ էության, իրադարձությունները զարգացան մեր կողմից կանխատեսվող ամենահոռետեսական սցենարով, որը սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, իրատեսական սցենար էր:
Այս առումով, կարծում եմ՝ էական է ևս մեկ անգամ ընդգծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ մեր քաղաքականությունը: Մեր մոտեցումը հետևյալն է, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան ինչ-ինչ պատճառներով, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Պիտի նաև թերևս բավարարվածությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի եղավ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունել ավելի քան 100 000 փախստականների, առանց փախստականների ճամբարներ կամ վրանային ճամբարներ հիմնելու: Բայց մյուս կողմից՝ նաև ուզում եմ մեր այն միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում մեզ աջակցել են և պատրաստակամություն հայտնել ու փաստացի շարունակում են իրենց աջակցությունը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և արձանագրել այդ աջակցության շարունակականության կարևորությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ խաղաղության օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում:
«Սա ակնհայտորեն նշանակում է, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում հաստատված չէ, և այդ օրակարգն իրականացված, իրագործված չէ: Մենք, ինչպես արդեն ասվել է բազմիցս, շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների շրջանակներում: Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում: Եթե, իհարկե, այդպիսի տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա պետք է լինեն», – հավելել է նա:
Անդրադառնալով նաև տարբեր ուղղություններով ձեռք բերված առաջընթացին՝ Փաշինյանը և ԱԳ նախարարը շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում հավատարմագրված դիվանագիտական ծառայության անդամներին՝ իրականացված աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ սերտ համագործակցության համար: