ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանը հայտնել են երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Յուտակա Աոկիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպան Աոկիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ գործընկերային կապերի զարգացմանը: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

«Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ինչի կապակցությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել, մասնավորապես, առևտրատնտեսական և գործարար կապերի, զբոսաշրջության, կրթության և գիտության, մշակութային փոխանակումների և այլ ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։ Այդ համատեքստում նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև իր երախտիքն է հայտնել դեսպան Աոկիին՝ Ճապոնիայի կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքների բավարարման նպատակով հատկացված աջակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս