Բաժիններ՝

ԵՄ-ն կարող է Հունգարիային զրկել ձայնի իրավունքից՝ Ուկրաինային օգնության շուրջ համաձայնագրի կնքման համար. FT

Եվրամիության անդամ երկրները դիտարկում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը՝ Ուկրաինային միջոցների հատկացման համաձայնագրի կնքման համար։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների։

Նրանց խոսքով՝ ԵՄ-ն կարող է կիրառել 2007 թվականի Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը, որը թույլ է տալիս երկրին զրկել ձայնի իրավունքից՝ եվրոպական օրենսդրության խախտման պատճառով։ Այդ գործընթացը կարող է արգելափակել ԵՄ ցանկացած այլ անդամ, սակայն, ինչպես նշում է պարբերականը, Լեհաստանում վերջին ընտրություններից և նոր կառավարության՝ իշխանության գալուց հետո ԵՄ-ում Հունգարիայի «երաշխավորված պաշտպան չի մնացել»։

Չնայած դրան, համայնքի որոշ անդամներ զգուշությամբ են վերաբերվում Բուդապեշտի նկատմամբ սահմանափակումներ դնելու գաղափարին։ Դրա փոխարեն նրանք մտադիր են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ցույց տալ ԵՄ-ում երկրի մեկուսացման «իրական գինը», որպեսզի ստիպեն փոխել կարծիքն Ուկրաինային միջոցների տրամադրման շուրջ։ Եթե ​​այդ մարտավարությունը չգործի, գրում է պարբերականը, միավորման 26 երկրները կարող են Կիևին օգնության մասին համաձայնագիր կնքել առանց Հունգարիայի մասնակցության, սակայն դա ավելի շատ ժամանակ կխլի և «միայն ժամանակավոր լուծում կլինի»։

«Հնարավոր է, որ Հունգարիան ավելի շատ խնդիրներ ստեղծի: Հնարավոր է՝ Հունգարիան մեզ ստիպի օգտագործել այլ միջոցներ: Բայց, վերջ ի վերջո, Հունգարիան չի կարողանա մեզ խանգարել Ուկրաինային ապահովել միջոցներով», – ասել է հրատարակության զրուցակիցներից մեկը, որը ներկա է գտնվել ԵՄ գագաթնաժողովին։

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում Վիկտոր Օրբանն արգելափակել է համայնքային բյուջեի փոփոխությունը, որը նախատեսում է 2024-2027 թվականների ընթացքում 50 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս