Բաժիններ՝

3 պատանդների սպանությունից հետո Իսրայելի վրա հրադադար հաստատելու ճնշումը մեծանում է

Իսրայելի եվրոպական մի շարք դաշնակիցներ, մասնավորապես՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան հրադադարի կոչեր են հնչեցրել Գազայի հատվածում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, այդ թվում՝ սխալմամբ իսրայելցի 3 պատանդների սպանությունից հետո։

Associated Press գործակալությունը հաղորդում է, որ իսրայելցի ցուցարարները նույնպես իրենց կառավարությանը կոչ են անում վերսկսել բանակցությունները Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ։ Ակնկալվում է, որ Իսրայելի ռազմական գործողությունները զսպելու փորձ կանի նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը դեկտեմբերի 18-ին այցելելու է Իսրայել։

Դեկտեմբերի 16-ին Իսրայելը հայտարարել էր, որ իր զինվորականների կողմից սխալմամբ գնդակահարված 3 պատանդները փորձել էին ազդանշան տալ, որ իրենք վտանգավոր չեն։ Սա առաջին դեպքն էր, երբ Իսրայելն ընդունում է, որ ռազմական գործողությունների ընթացքում պատանդներ են զոհվել։ Մոտ 20 տարեկան երեք տղամարդիկ սպանվել են դեկտեմբերի 15-ին Գազա քաղաքում, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը կատաղի մարտեր է մղում ՀԱՄԱՍ-ի դեմ։

ԻՊԲ-ի հայտարարության համաձայն՝ տղամարդիկ կտորի վրա սննդի մնացորդներով գրել էին «SOS», «Օգնություն, 3 պատանդներ»։ Ըստ BBC-ի հրապարակման՝ նրանք նաև սպիտակ դրոշակ են բարձրացրել։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ զինվորները թույլ են տվել «զենքի կիրառման կանոնների խախտում»․ միջադեպը հետաքննվում է։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր սպանվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ 7-օրյա հրադադարի ընթացքում շուրջ 100 գերի փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։ Ենթադրվում է, որ դեռ շուրջ 120 մարդ պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի մոտ։ Պատանդներից մի քանիսը զոհվել է ռազմական գործողությունների ընթացքում։

Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածի հյուսիսում բազմաթիվ շենքեր հողին են հավասարվել, բնակչության մեծ մասը տեղահանվել է Գազայի հարավ, որն այժմ նույնպես գնդակոծվում է ԻՊԲ-ի կողմից։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 18 700-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս