Բայդենն Էրդողանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը և իրավիճակը Գազայում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, որը Թուրքիայի խորհրդարանը դեռ չի հաստատել։
«Նրանք քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի ամրապնդման կարևորությունը, ներառյալ՝ Շվեդիային հնարավորինս շուտ որպես դաշնակից ընդունելու և Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակության հետագա ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ», – նշված է հաղորդագրությունում։
Ջո Բայդենը նաև ողջունել է Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավելուն ուղղված «կառուցողական քայլերը»։ Էրդողանն օրերս այցելել էր Հունաստան և հանդիպում ունեցել երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Կողմերը քննարկել են նաև Գազայի հատվածում իրավիճակը, անկլավ հումանիտար օգնություն մատակարարելու ջանքերի ընդլայնման կարևորությունը։ Բայդենը նաև կրկնել է, որ աջակցում է «իրեն պաշտպանելու Իսրայելի իրավունքը»։